Բրիտանիայում ակտիվիստները վառում են 5G աշտարակներն այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե իբր դրանց միջոցով տարածվում է կորոնավիրուսի վարակը: Այս մասին հաղորդում է The Verge օնլայն պարբերականը:
Բիրմինգեմում, Լիվերպուլում, Մելլինգում և Մերսիայում այրել են հինգ աշտարակ: Ոստիկանության փոխանցած տվյալների համաձայն բոլոր ակտիվիստները մինչ այդ դիտել են YouTube-ում ու Facebook-ում տարածվող ֆեյք տեսանյութը: Տեսանյութերում ներկայացնում են Լիվերպուլի քաղաքամերձ ավանում՝ Այգներտեում բռնկված կորոնավիրուսի համաճարակի մանրամասները՝ դա վերագրելով դավադրությունների տեսությանը:
Տեսանյութում ասում են, որ բոլոր վարակվածներին վիրուսը փոխանցվել է բջջային կապի միջոցով, ավելի կոնկրետ՝ 5G արձանագրությունների միջոցով: Իհարկե, այս տեսակետը հակասում է գիտության բոլոր ժամանակակից տեսություններին, սակայն դավադրությունների տեսությունների կողմնակիցներին ժամանակակից գիտությունն այնքան էլ չի հետաքրքրում:
Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահության ծառայության տնօրեն Սթիվեն Պովիսի խոսքով, մարդիկ փորձում են վերացնել կարանտինի օրերին հույժ կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքները:
Full Fact կազմակերպության վերլուծաբանների տվյալներով, 5G ցանցի միջոցով COVID-19-ի տարածման դավադրական տեսությունը լայն տարածում ունի: Այդ տեսույան կողմնակիցները բաժանվում են երկու խմբի՝ մի մասը կարծում է, որ 5G-ն թուլացնում է մարդու իմունային համակարգը, նրան դարձնելով խոցելի, մյուսները վստահ են, որ վիրուսը տարածվում է ռադիոալիքների միջոցով:
Իսկ իրականում երկու տեսություններն էլ անգամ մոտ չեն իրականությանը:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Ատակամա անապատում գտնվող ամենախոշոր աստղադիտարանները դադարեցրել են իրենց աշխատանքը կորոնավիրուսի պատճառով: Սա կարող է մեծ վնաս հասցնել գիտությանը, քանի որ տիեզերքից ստացվող տվյալների մեծ մասը գիտնականները ստանում էին հենց այս աստղադիտարաններից: