Google-ը կթողարկի իր սեփական պրոցեսորը

Google-ը մտադիր է թողարկել սմարթֆոններ եւ նոթբուքներ, որոնք կաշխատեն իր սեփական պրոցեսորներով: Այս մասին հայտնում է Axios պարբերականի աղբյուրը:
Ապագա չիպը հնարավոր է թողարկվի արդեն 2021 թվականին։ Ինսայդերները գտնում են, որ այս քայլը թույլ կտա ամերիկյան կորպորացիային ավելի ուժեղ մրցակից լինել Apple-ին , որի թողարկած սմարթֆոնները սեփական չիպերով են: Դրա հետ մեկտեղ Google-ը կհրաժարվի Qualcomm ընկերության արտադրանքներից, որոնք օգտագործում է իր ակտուալ սարքերում:

Ենթադրվում է, որ Google-ի ապագա պրոցեսորը կստանա Whitechapel կոդային անվանումը և կօգտագործվի Pixel սմարթֆոններում 2021 թվականին, իսկ ապագայում դրանով նաեւ կհամալրվեն Chromebook նոթբուքները:

Իհարկե, դեռ վաղաժամ է խոսել պրոցեսորներ արտադրող գործընկերներից Google-ի մոտալուտ եւ ամբողջապես հրաժարվելու մասին, քանի որ ընկերությունը հնարավոր է դժվարություններ ունենա բաղադրիչների մշակման հարցում:

Հաղորդվում է, որ Google-ն առաջին տարին չէ, որ հետաքրքրված է իր տեխնիկայի համար պրոցեսորների մշակմամբ, և այդ նպատակով ընկերությունն օգտագործում է Apple-ի և Intel-ի նախկին աշխատակիցների հնարավորությունները։ Բացի այդ, ամերիկյան կորպորացիայի սմարթֆոններում արդեն օգտագործվել են տվյալների մշակման եւ մեքենայական ուսուցման չիպեր, ինչպես օրինակ՝ Pixel Neural Core եւ Pixel Visual Core: