Մինչ մարդիկ նստած են կարանտինում, ճանապարհները զբաղեցնում են առյուծները

Մինչ ամբողջ աշխարհում Covid-19 պանդեմիայի պատճառով նորանոր սահմանափակումներ են մտցվում, եւ փողոցներում մարդկանց թիվը գնալով ավելի ու ավելի նվազում է, կենդանիները սկսում են հարմարվել կյանքի նոր պայմաններին:

Կրյուգերի(Հարավաֆրիկյան Հանրապետություն) ազգային պարկի աշխատակիցը՝ Ռիչարդ Սոուրին, հերթական շրջայցի ժամանակ արտասովոր տեսարանի է հանդիպել: Նա նկատել է առյուծներին, որոնք քնած էին հենց ճանապարհի մեջտեղում:

Ազգային պարկի ներկայացուցիչը CNN-ին պատմել է, որ դա անսովոր երեւույթէ ։ Որպես կանոն, ճանապարհին մեքենաների տեղաշարժ է, եւ այդ պատճառով կենդանիները ճանապարհին մոտ չեն գալիս : Սակայն մարտի 25-ից այգին փակ է կարանտինի պատճառով, եւ կենդանիները, սովորելով տիրող լռությանը, դուրս են եկել ճանապարհ:

Նրանք գալիս են վայրեր, որտեղից սովորաբար խուսափում են զբոսաշրջիկների պատճառով։ Մարդիկ պետք է հասկանան, որ այգին մեծ հաշվով վայրի գոտի է ։ Իսկ մարդկանց բացակայության դեպքում վայրի բնությունն ավելի է ակտիվանում:

Իսահակ Ֆահալա
Կրյուգերի ազգային պարկի ներկայացուցիչ

BBC-ի հետ զրույցում Ֆահալան պարզաբանել է, որ նախօրեին այգում անձրեւ է տեղացել, եւ խոտը թաց է եղել: Հնարավոր է, որ առյուծների՝ չոր ասֆալտին տեղափոխվելը նաև դրանով պայմանավորված լինի:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ պանդեմիայի ժամանակ կենդանիները փոխում են իրենց կենսակերպը ։ Օրինակ ՝ մարտի վերջին Բրիտանական Ուելսի Լլանդիդնո քաղաքում վայրի այծերը դուրս են եկել զբոսնելու դատարկ փողոցներում։