Նշվել են ամենակարեւոր կարգավորումները, որոնք պետք է արվեն WhatsApp-ում

WhatsApp-ի օգտագործման նորացված պայմանները հանգեցրել են օգտվողների զանգվածային արտահոսքի, բայց ոմանք դեռ ստիպված են օգտագործել այս մեսենջերը, ուստի նրանց համար օգտակար կլինի իմանալ կարեւոր կարգավորումների մասին, որոնք պետք է արվեն հավելվածում, գրում է «Российская газета»-ն։

 

WhatsApp-ը առավել անվտանգ դարձնելուն կօգնի PIN-կոդի ակտիվացումը՝ մուտք գործելիս լրացուցիչ հաստատման համար: PIN-կոդը միացնելու համար անհրաժեշտ է հաշվի կարգավորումներում մտնել «Երկքայլ հաստատում» բաժին:

Մեկ այլ կարեւոր կարգավորում՝ WhatsApp մուտք գործելու համար կենսաչափության ակտիվացումը: Դա անելու համար պետք է անցնել Հաշիվ -> Գաղտնիություն -> Էկրանի արգելափակում: Այժմ պետք է մատը դնել մատնահետքի սքաների վրա կամ նայել էկրանին ամեն անգամ մեսենջերը բացելիս. սա պետք է պաշտպանի նամակագրությունը գողանալուց: Ընդ որում՝ զանգերին պատասխանել հնարավոր կլինի նույնիսկ այն դեպքում, երբ հավելվածը արգելափակված է:

Փորձագետ Զաք Դոֆմանը խորհուրդ է տալիս անջատել չատերի պահուստային պատճենումը: Կրկնօրինակումները, որոնք մեսենջերը փոխանցում է Google-ամպին կամ iCloud-ին, պաշտպանված չեն միջանցիկ կոդավորմամբ, այնպես որ հաքերները տեսականորեն կարող են հասնել դրանց: Բայց պետք է հաշվի առնել, որ կկորցնեք ամբողջ նամակագրությունը, եթե անջատեք պահուստային պատճենումը եւ կկորցնեք ձեր սարքի հասանելիությունը։