«Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի հավելվածի մեկնարկն էական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է մինչև 2025 թվականը Զարգացման ռազմավարության վերջնական հաստատումը՝ հույս հայտնելով, որ ընթացիկ տարին արդյունավետ կլինի ինտեգրման համար:

«Այս կապակցությամբ կցանկանայի նշել բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում հետագա համագործակցությանն ուղղված միջոցառումների կարևորությունը։ Հայաստանն ավանդաբար ակտիվորեն աջակցում և մասնակցում է Միության թվային օրակարգի իրականացման գործընթացին»,-նշել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի հավելվածի կարևորությունն ու անդրադարձել դրա պիլոտային նախագծի մեկնարկին: Այս հավելվածն, ըստ վարչապետի, հնարավորություն տվեց ԵԱՏՄ անդամ պետություններին նորից ուղևորափոխադրումներ իրականացնել ու փոխընդունելի միջոց դարձավ բոլորի համար։

«Սա էական սոցիալական և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար։ Ակնհայտ է, որ նման նախագիծը կարևոր է նաև կորոնավիրուսի տարածման ռիսկի նվազեցման տեսանկյունից եւ կարևոր տեղ է զբաղեցնում համավարակի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումների շարքում»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի համար առաջնահերթ կարևորության հարցերից մեկն է եղել նաև հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների կիրառման ծրագիրը։ Փաշինյանի խոսքով՝ դրանք կարող են արդյունավետ լինել երրորդ երկրներից հարաճուն ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից հայրենական արտադրողներին պաշտպանելու համար։

«Միության ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված մեխանիզմների համատեքստում պետք է դիտարկել նաև գործող միջազգային պայմանագրերին համապատասխան ԵԱՏՄ տարածքում պատասխան միջոցների մեխանիզմի մշակման և ներդրման հնարավորությունը»,-ասել է Փաշինյանը։

Հայաստանը, նրա խոսքով, պատրաստ է ջանքեր գործադրել ԵԱՏՄ-ում առաջնային ուղղություններում աշխատանքն առաջ մղելու համար:

2020 թվականի դեկտեմբերի 4-ին Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկը՝ առաջարկելով ցանկից հանել Թուրքիային։