Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի կողմից իր գրառումը ջնջելուց հետո կոչ է արել Ռուսաստանում փակել արտասահմանյան սոցիալական ցանցերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հա՛, Instagram-ը ջնջել է իմ այս անմեղագույն գրառումը: Կարթագենը պետք է ոչնչացվի: Ռուսաստանում արտասահմանյան սոցիալական ցանցերը պետք է փակվեն»,- գրել է նա Telegram-յան ալիքում:
Բացի այդ՝ նա իր տելեգրամյան հրապարակմանը կցել է այն ինստագրամյան գրառումը, որն ավելի վաղ հեռացրվել էր:
Հիշեցնենք՝ նախօրեին Instagram-ը արգելափակել էր նաև Սիմոնյանի այն գրառումը, որում նա օգնություն էր առաջարկել իր այն հետևորդներին, որոնք ցածր կենսաթոշակներ են ստանում:
Նշենք՝ ավելի վաղ Սիմոնյանը ներառվել էր 35 ռուսաստանցիների ցուցակում, որոնց նկատմամբ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամն ԱՄՆ-ին առաջարկել էր պատժամիջոցներ կիրառել: Այս անձինք մեղադրվում են «կոռուպցիայի և մարդու իրավունքների սահմանափակումների համար»: