Մրցակից սարքերը մոտենում են Մարսին. ԱՄՆ-ն, Չինաստանն ու ԱՄԷ-ն միաժամանակ մարսագնացներ են ուղարկել տիեզերք

Լարված ժամանակներ են սկսվում ամերիկացի, չինացի և արաբ գիտնականների համար: Նման կարծիք է հայտնել բրիտանական The Guardian պարբերականը՝ անդրադառնալով ԱՄՆ-ից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից մարսագնացների արձակմանը, որոնք գրեթե համաժամանակ հասնում են Կարմիր մոլորակի ուղեծիր:

Առաջիկա օրերին մարսիական երկնքում տպավորիչ առաքելություն կսկսեն վերոնշյալ տիեզերական սարքերը: Այսօր արդեն մարսիական ուղեծիր է հասել չինական «Տյանվեն-1» մարսագնացը: Նախօրեին Երկրից դեպի Մարսի ուղեծիր ուղին հաղթահարել էր ԱՄԷ-ին պատկանող «Հոուփ» մարսագնացը, իսկ փետրվարի 18-ին Մարսում վայրէջք կկատարի ամերիկյան ռոբոտ-սարքը:

Ինչպես աղբյուրը նկատում է, տիեզերական սարքերի «նավատորմի» ի հայտ գալու հանգամանքն ինքնին վկայում է տարբեր երկրների կողմից տիեզերական տեխնոլոգիաների զարգացման և Արեգակնային համակարգի նորանոր հետազոտություններ անելու աճող ձգտման մասին:

Նշվում է, որ բոլոր սարքերը կարևոր տիեզերական ծրագրերի մաս են կազմում, որոնց շնորհիվ առաջիկա տարիներին կլրացվեն Մարսի մասին գիտելիքները, կստացվեն և հետագա ուսումնասիրության համար Երկիր կուղարկվեն մարսիական մակերեսի ապարների փորձանմուշները: