Թվային սարքերի համար ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Microsoft կորպորացիան վերջին ամիսների ընթացքում դիմել է Pinterest-ին՝ 51 միլիարդ դոլար արժողությամբ սոցիալական մեդիա ընկերությունը ձեռք բերելու հավանական գործարքի վերաբերյալ:
Այս մասին հայտնում է Financial Times-ը` վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրների խոսքերը:
Նշվում է՝ ներկայում բանակցություններն ակտիվ փուլում չեն:
Հիշեցնենք՝ Pinterest սոցմեդիա ընկերությանը մեծ օգուտ էր բերել առցանց փոխազդեցությունների (virtual interactions) զանգվածային փոփոխության քաղաքականությունը, որը հանգեցրել էր սոցիալական հարթակում օգատերերի ներգրավվածության մակարդակի ավելացմանը: Մասնավորապես, միայն տարվա չորրորդ եռամսյակում հարթակի օգտատերերի թիվն ավելացել էր 37%-ով՝ այդպիսով հասնելով 459 միլիոնի:
Ընկերությունից հավելել են նաև, որ իրենք ռեկորդ են գրանցել, քանի որ 1 ամսվա ընթացքում ավելի քան 100 միլիոն մարդ ակտիվորեն օգտվել է ընկերության տրամադրած ծառայություններից:
FT-ն նշում է՝ ընկերության արժեթղթերի գինն աճել է ավելի քան 7 անգամ՝ նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ, երբ ողջ աշխարհում տարածում գտած կորոնավիրուսային համավարակը ճգնաժամի էր հանգեցրել:
Հիշեցնենք՝ pinterest.com-ը թույլ է տալիս օգտատերերին առցանց ռեժիմում պատկերներ ավելացնել և տեղադրել դրանք թեմատիկ հավաքածուներում՝ կիսվելով այլ օգտատերերի հետ: Ծառայությունում ավելացված պատկերները կոչվում են «գնդասեղներ» (անգլ.՝ pin), իսկ հավաքածուները, որոնց նրանք պատկանում են՝ «տախտակներ» (անգլ.՝ boards): Կայքի յուրահատուկ ձևավորման շնորհիվ այն հատկապես պահանջարկ է վայելում կանանց շրջանում:
Նշենք՝ ընկերություն եկամուտը գոյանում է կայքում գովազդների հաշվին, որոնք տեղ են գտնում «գնդասեղներ»-ով ամրացված պատկերների կողքին:
Tert.am