Հարավկորեական Samsung ընկերության նոր Galaxy A52 սմարթֆոնների բնութագրիչները, այդ թվում՝ լուսանկարներն ու տեխնիկական հնարավորության մասին տվյալները, արտահոսել են համացանց՝ սարքի շնորհանդեսից մոտ մեկ ամիս առաջ, գրում է gizmochina.com-ը:
Ըստ այդմ՝ սմարթֆոնը կթողարկվի երկու տարբերակով՝ 5G և LTE համացանցային հասանելիության հնարավորություններով:
Առաջին տարբերակը կստանա նոր դասի Qualcomm Snapdragon 750G պրոցեսոր, մինչդեռ 4G բնութագրիչի դեպքում սմարթֆոնը գործի կդրվի Snapdragon 720G-ի միջոցով: Մնացած ամեն բան 2 սմարթֆոնների պարագայում նույնական է:
Նշվում է՝ սմարթֆոնը հագեցած կլինի 6.52 դյույմանոց Super AMOLED էկրանով՝ 2400×1080 պիքսել թույլատրելիությամբ: Բացի այդ, այն կհամալրվի ներկառուցված մատնահետքի տեսածրով (սկաներ):
Ակնկալվում է, որ Samsung Galaxy A52-ի պրեմիերան տեղի կունենա 2021 թվականի մարտի սկզբին: 4G տարբերակը եվրոպական շուկայում կարժենա 349 եվրո:
Այն կներկայացվի 4 գույնով՝ սև, սպիտակ, մանուշակագույն և երկնագույն:
Tert.am