McLaren-ը ներկայացրել է նորագույն հիբրիդային սուպերքարը՝ անվադողերում ներկառուցված չիպերով

Շքեղ դասի սուպերքարեր արտադրող McLaren ընկերությունը ներկայացրել է Artura նորագույն հիբրիդային մոդելը, որը համեմատաբար ավելի մատչելի է, քան բրիտանական ընկերության նախորդ հիբրիդային մոդելները:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, Artura-ն ԱՄՆ-ում վաճառքի է հանվում 225 000 դոլարով, մինչդեռ նախորդ մեքենաները գնահատվում են 2 կամ 1 մլն դոլար: Նորագույն մեքենան նաև զանգվածային արտադրության հանձնվող առաջին մոդելն է, որը զինվել է հիբրիդային ուժային համակարգով: Նախորդ հիբրիդային մոդելներն արտադրվել էին սահմանափակ քանակությամբ:

Նորագույն սուպերքարը համալրվել է 577 ձիաուժ հզորություն զարգացնող V6 տուրբոշարժիչով և էլեկտրաշարժիչով, որը մեքենայի ընդհանուր հզորությունը հասցնում է 671 ձիաուժի:

Զանգվածային արտադրությունը կսկսվի աշնանը: Մեքենան միայն էլեկտրաշարժիչի հաշվին կարող է 30 կմ տարածություն անցնել, որից հետո կարող է գործարկվել նաև բենզինային շարժիչը: Երկու շարժիչների համադրությամբ 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 3 վայրկյանում:

Բացի այդ, մեքենան համալրվել է Pirelli անվադողերով, որոնցում համակարգչային չիպեր են ներկառուցված, որոնք նախատեսված են անվադողերի վիճակի մասին տեղեկություն փոխանցելու համար:

Tert.am