Մոտ ապագայում անձի նույնականացումը կարող է կատարվել ոչ թե մատնահետքերի կամ դիմագծերի, այլ երակների միջոցով. գիտնականներ

Ավստրալիայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ մոտ ապագայում անձի նույնականացման համար մատնահետքերի կամ դեմքի փոխարեն կարող են օգտագործվել ձեռքի երակները:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, մասնագետների կարծիքով՝ ներկայում աշխարհով մեկ լայնորեն կիրառվող տեխնոլոգիաները, որոնք մարդուն նույնականացնում են դեմքով, աչքի ծիածանաթաղանթով և մատնահետքերով, արդեն հնանում են:

Ավստրալացի գիտնականները նման եզրակացության եկել են վերջերս կատարած ուսումնասիրությունների արդյունքում: Նրանք նշում են, որ որոշ կենսաչափական մեթոդներ «հայտնի թերություններ» ունեն: Մատնահետքերը կարող են վերցվել այն մակերեսներից, որոնց դիպել է տվյալ անձնավորությունը:

Իսկ դիմանկարը կարելի է կեղծել սոցցանցերից վերցված պատկերներով կամ այլ միջոցներով: Աչքի միջոցով նույնականացման տեխնոլոգիան կարող է անպիտան դառնալ կոնտակտային լինզաների կիրառման պարագայում:

«Երակները գտնվում են մաշկի տակ, այդ իսկ պատճառով չեն կարող հետք թողնել արտաքին աշխարհում, ինչպես մատնահետքերի դեպքում, ինչպես նաև անհասանելի են սոցիալական աշխարհում՝ ի տարբերություն դեմքի լուսանկարների և չեն կարող գաղտնի կերպով ձեռք բերվել, ինչպես աչքի ծիածանաթաղանթի պարագայում: Այդպիսով, կարծում ենք, որ երակների եզակիության վրա հիմնված նույնականացման տեխնոլոգիան շատ ավելի դժվար կլինի կեղծել»,- հայտնել է Ավստրալիայի համալսարանի համակարգչային գիտությունների դպրոցի մասնագետը:

Մասնագետները գիտափորձի ընթացքում 35 մարդկանց դաստակների մոտ 17 500 լուսանկար են արել, այնուհետև արհեստական բանականության միջոցով պարզել են «տարբերակիչ առանձնահատկությունները», որոնք հետագայում կարող են կիրառվել տվյալ անձանց նույնականացման համար՝ 99 տոկոս արդյունավետությամբ:

Tert.am