Համացանցում հայտնվել են Tesla ընկերության բյուջետային էլեկտրամոբիլի հնարավոր դիզայնի լուսանկարները, գրում է Electrek կայքը՝ վկայակոչելով բրազիլացի դիզայներ Կլեբեր Սիլվային, որն անձամբ է ստեղծել դրանք։
Նշվում է, որ նկարները պաշտոնական չեն, սակայն դիզայներն այն ստեղծել է բյուջետային մոդելի վերաբերյալ իր տրամադրության տակ հայտնված տեղեկությունների վրա հիմնվելով։
Ավելի վաղ Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել էր, որ Tesla-ն մտադիր է մատչելի գնով ինքնակառավարման համակարգով համալրված ավտոմեքենաներ արտադրել։
Նորույթի արժեքը Մասկը գնահատել էր 25 հազար դոլար։
«Մենք վստահ ենք, որ երեք տարի անց կկարողանանք ստեղծել 25 հազար դոլար արժողությամբ գրավիչ ավտոմեքենա, որը նաև լիովին ինքնակառավարվող կլինի»,- հայտարարել էր Մասկը։
Նոր ավտոմեքենան գրեթե 13 հազար դոլարով ավելի էժան կլինի Tesla-ի այժմյան բյուջետային էլեկտրամոբիլից՝ 37 990 դոլար արժողությամբ Model 3 սեդանից։
Tesla ընկերությունը հիմնադրվել է 2003թ.-ին։ Սկզբում այն կոչվում էր Tesla Motors, բայց հետագայում վերանվանվել է Tesla։ Սկզբում ընկերությունը մասնագիտացել է միայն էլեկտրամոբիլների արտադրության մեջ, սակայն ավելի ուշ սկսել է զբաղվել նաև արևային մարտկոցների ստեղծմամբ: