ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսից ստացված առաջին հնչյունների ձայնագրությունը (տեսանյութ)

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) իր թվիթերյան պաշտոնական էջում հրապարակել է Մարս մոլորակից ստացված հնչյունների ձայնագրությունը, որն արվել է Perseverance մարսագնացի՝ Կարմիր մոլորակի վրա կատարած վայրէջքից հետո:

Նշենք՝ ձայնագրությունում լսվում է ոչ շատ բարձր ճարճաթյուն և ուժեղ աղմուկ, որը ենթադրաբար քամու ուժգնության պատճառով է:

«Հիմա, երբ տեսել եք Մարսը, լսե՛ք այն: Վերցրե՛ք ձեր ականջակալները և լսե՛ք իմ խոսափողներից մեկի ձայնագրած առաջին հնչյունները»,- ասվում է օգտահաշվում կատարված գրառման մեջ, որն արվել է մարսագնացի անունից:

Հիշեցնենք՝ 2,2 միլիարդ դոլար արժողությամբ սարքը, որը մեծությամբ հավասար է մեքենայի, երեկ առաջ է շարժվել մոլորակի մակերևույթի վրա և հասել է 45 կմ լայնությամբ և 250 մետր խորությամբ խառնարանին, որը 3,5 միլիարդ տարի առաջ տեղակայված է եղել Մարսիական լճում:

Perseverance-ին, որը ստացել է Percy մականունը, հաջողվել է գոյատևել «յոթ րոպե տևած սարսափի»՝ շուրջ 1100°C ջերմաստիճանի պայմաններում, երբ այն Մարսի մթնոլորտ էր մտնում գրեթե 20 000 կմ/ժ արագությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը 6 ամիս առաջ Երկիր մոլորակից մեկնարկելուց հետո օրերս վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի մակերևույթին։

Մարսագնացը վայրէջք կատարելուց անմիջապես հետո Երկիր է ուղարկել Մարսի երևացող հատվածի լուսանկարները:

Սարքը մինչև մոլորակի մակերևույթին վայրէջք կատարելը շուրջ 300 միլիոն մղոն ճանապարհ է անցել:

Մարսագնացի առջև մի շարք առաջադրանքներ են դրված՝ պետք է Մարսի վրա կյանքի առկայության հետքեր փնտրվեն, Կարմիր մոլորակից ձայնային հաղորդագրություններ ուղարվեն Երկիր, Ջեզզոյի խառնարանի ուսումնասիրություն, որի տեղում 3.9 միլիարդ տարի առաջ լիճ է գոյություն ունեցել: Մարսագնացը պետք է նաև նույն վայրում միկրոբրածոների որոնողական աշխատանքներ կատարի:

Մարսագնացին նաև թեթև ուղղաթիռ է կցված, որը պետք է փորձնական թռիչքներ իրականացնի մոլորակի վրա:

Tert.am