ԱՄՆ գերատեսչությունների դեմ կիբեռհարձակումներին ՌԴ ներգրավվածության մասին հիմնավոր ապացույցներ կան. Microsoft-ի ղեկավար

Ամերիկյան Microsoft ընկերության ղեկավար Բրեդ Սմիթն ԱՄՆ Սենատում հայտնել է, որ ընկերությունն ապացույցներ ունի, որ 2020 թվականին երկրի պետական կառույցների դեմ տեղի ունեցած զանգվածային կիբեռհարձակմանը ներգրավված է եղել Ռուսաստանի հետախուզությունը:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, Սմիթի խոսքով՝ չկան նշաններ, որ կատարվածին ներգրավված է եղել որևէ այլ կողմ:

«Ներկա փուլում մենք հիմնավոր ապացույցներ ունենք, որոնք մատնանշում են ռուսական հետախուզությունը, և ոչ մի այլ նշան չկա, որոնք մեկ ուրիշի հետքով կտանեին»,- ասել է Microsoft ընկերության ղեկավարը Սենատում լսումների ժամանակ:

Միևնույն ժամանակ կիբեռանվտանգության ոլորտում կենտրոնացող Crowdstrike կազմակերպության ղեկավար Ջորջ Կուրցը տեղկացրել է, որ իր ընկերությունը տեղեկություններ չունի հարձակումներին Մոսկվայի ներգրավվածության վերաբերյալ:

Կիբեռանվտանգության ոլորտում գործող FireEye ամերիկյան ընկերության ղեկավար Քևին Մանդիան, իր հերթին, լսումների ժամանակ հայտարարել է, որ հաքերային հարձակումների ժամանակ կիրառվել են այնպիսի գործիքներ, որոնք նման են Ռուսաստանի կողմից կիրառվողներին:

Հաքերային զանգվածային հարձակումների մասին հայտնի էր դարձել 2020 թվականի դեկտեմբերին: Անհայտ անձինք կոտրել էին ամերիկյան դաշնային կառավարության գերատեսչությունների և առևտրային ընկերությունների, այդ թվում և Microsoft-ի համակարգերը:

Tert.am