Ավստրալիան աշխարհում առաջինն է ընդունել օրենք, որի նպատակն է Google-ից և Facebook-ից վճարներ գանձել՝ իրենց հարթակներում տեղական ԶԼՄ–ների բովանդակությունը տարածելու դիմաց, հայտնում է BBC-ն:
Անցյալ շաբաթ Facebook-ն արգելափակել էր Ավստրալիայի ԶԼՄ–ների ամբողջ բովանդակությունը, սակայն այս շաբաթ, բանակցություններից հետո, կառավարության որոշմամբ չեղյալ է հայտարարել իր որոշումը:
Այդ խոսակցություններից հետո օրենքն ընդունվել է նոր փոփոխություններով, որոնք արտոնություններ են տալիս Facebook-ին և Google-ին։
Այնուամենայնիվ, երկու ընկերություններն էլ այժմ պարտավորվել են խոշոր գումարներ վճարել ավստրալական որոշ խոշոր մեդիա ընկերությունների:
Այս որոշումն այլ երկրների համար փորձնական օրինակ կարող է լինել։ Փոփոխված օրենսդրությունը Ներկայացուցիչների պալատում ընդունվել է հինգշաբթի՝ Սենատում նախագծի ընդունումից հետո:
Օրենքը խրախուսում է տեխնոլոգիական հսկաներին և լրատվական կազմակերպություններին բանակցել իրենց միջև վճարման գործարքների շուրջ: Կառավարությունը պնդում է, որ դա նշանակում է «ավելի արդար» բանակցային գործընթաց կողմերի միջև, քանի որ այն ավելի շատ լծակներ է տալիս լրատվական կազմակերպություններին:
Ավստրալիայի մրցակցության և սպառողների հանձնաժողովը ասում է, որ հրատարակիչները մինչ այժմ բանակցային քիչ ուժ են ունեցել, քանի որ նրանք կախված են Google-ի և Facebook-ի նման տեխնոլոգիական հսկաների ունեցած մենաշնորհներից:
Tert.am