Թուրքիան հիբրիդային հրթիռ և անօդաչու թռչող սարք է մշակել 2023-ին Լուսին թռչելու նպատակով (տեսանյութ)

Թուրքիան ծրագրում է 2023 թվականին մեկնարկել իր լուսնային առաքելությունը, ինչի համար թուրքական Delta V Space Technologies Inc. ընկերությունը հիբրիդային հրթիռ և անօդաչու թռչող սարք է մշակել, հայտնում է Korrespondent–ը՝ հղում տալով թուրքական Anadolu թերթին:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը հայտարարել է, որ առաքելությունը ծրագրվում է իրականացնել երկու փուլով՝ 2023 և 2028 թվականներին:

«2023 թվականին մենք մտադիր ենք Լուսին հասնել մեր ազգային և յուրօրինակ տեխնոլոգիաների միջոցով: Ծրագրի առաջին փուլի շրջանակներում մենք կոշտ վայրէջք կկատարենք Լուսնի վրա: Մենք առաջին արձակումը կիրականացնենք միջազգային ընկերությունների հետ համագործակցության շրջանակներում: Այնուամենայնիվ, մեր տիեզերանավը Լուսին կհասցվի մեր յուրահատուկ ազգային հրթիռն ուղեծիր հանելով», – ասել է Վարանքը:

Նա նաև հիշեցրել է, որ փետրվարի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է ազգային տիեզերական ծրագիրը, որի հիմնական նպատակը լուսնային առաքելությունն է:

Tert.am