Android-ի համար նախատեսված VPN հավելվածների 21 մլն օգտատիրոջ տվյալներն արտահոսել են համացանց

Ստվերային հարթակներում վաճառքի են հանվել Android օպերացիոն համակարգի համար անվճար VPN  հավելվածների 21 մլն օգտատիրոջ տվյալների բազան, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

Սա վերաբերվում է Super VPN, Gecko VPN և Chat VPN ծառայություններից օգտվողներին: Նրանց հիմնական մասը Ռուսաստանի, Չինաստանի և Մերձավոր Արևելքի բնակիչներ են, որտեղ ինտերնետային ռեսուրսները հաճախ արգելափակված են:

Տվյալների բազան պարունակում է էլեկտրոնային փոստի հասցեներ, օգտատերերի անուններ և գաղտնաբառեր, ինչպես նաև պրեմիում հաշիվների վճարումների վերաբերյալ տվյալներ: Որոշ դեպքերում հասանելի է նաև սարքերի մասին տեղեկատվությունը՝ դրանց մոդելը և սերիական համարները:

Փորձագետների կարծիքով՝ այս տվյալները կարող են օգտագործվել փոստային ֆիշինգի (կիբեռհանցագործության տեսակ, որի նպատակն է ստանալ որևէ սոցիալական կայքի օգտատիրոջ գաղտնի տվյալները, ծածկագիրը և ծածկանունը) համար, ինչպես նաև գաղտնալսման և ցանցով օգտատերերի փոխանցած գաղտնաբառերն ու բանկային քարտի տվյալները գողանալու համար:

Լրատվականը նշել է, որ VPN հավելվածները նախատեսված են նրա համար, որպեսզի օգտատերերը կարողանան այլ IP հասցեներով մուտք գործել համակարգ՝ իրենց երկրում արգելված կայքեր մուտք գործելու համար։ Տեղեկատվության անվտանգության մասնագետ Դենիս Բատրանկովն ասել է, որ նման ծառայություններից օգտվելու դեպքում օգտատերերը պետք է կիրառեն նաև որոշակի գաղտնաբառեր՝ այդպիսով ապահովելով իրենց տվյալների գաղտնիությունը։

Փորձագետ Իգոր Բեդերովն էլ հավելել է, որ անվճար VPN տրամադրող ընկերությունների եկամուտը ձևավորվում է նվիրատվությունների հաշվին և դրանց բացակայության դեպքում ընկերությունները կարող են վաճառել օգտատերերի տվյալները։

Tert.am