Ճապոնացի միլիարդատերը 8 մարդ կընտրի իր հետ Լուսին թռչելու համար

Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեզավան, որը պետք է դառնա ամերիկյան SpaceX ընկերության առաջին տիեզերական զբոսաշրջիկը, հավաքագրում է 8 մարդու՝  իր հետ Լուսին թռչելու համար: Այս մասին գործարարը հայտարարել է Twitter- ի իր էջում հրապարակված տեսաուղերձում, գրում է «Իզվեստիա»-ն:

«Ես թիմ եմ հավաքագրում՝ այս առաքելությանը մասնակցելու համար: Ինձ 8 մարդ է պետք ամբողջ աշխարհից: Այս ուղևորությանը մասնակցելու է 10-12 մարդ, իմ կողմից ես հրավիրում եմ 8-ին»,-ասել է նա:

Գործարարի խոսքով՝ յուրաքանչյուր ոք, ով իր հետ թռչելու է, պետք է համապատասխանի երկու չափանիշի՝ նրանք պետք է խոսեն Երկրի վրա իրենց գործունեության մասին և պատրաստ լինեն աշխատել թիմում: Թռիչքը դեպի Լուսին պետք է տեղի ունենա 2023 թվականին:

Այն մասին, որ Լուսին ուղևորվող առաջին զբոսաշրջիկը կլինի Մաեզավան, հայտնի է դարձել 2018 թվականի սեպտեմբերի 18-ին:  2020 թվականի հունվարին նա հայտարարել էր մրցույթ՝ թռիչքի ուղեկցուհի գտնելու հույսով:

Tert.am