ՆԱՍԱ-ի մարսագնացին ամրացված ուղղաթիռն առաջին լուսանկարն է ուղարկել Մարսից

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների վարչության Perseverance մարսագնացի հետ Կարմիր մոլորակում վայրէջք կատարած Ingenuity փոքր ուղղաթիռը Երկիր է ուղարկել Մարսում արված առաջին լուսանկարը:

Ինչպես հայտնում է ՆԱՍԱ-ի կայքը, լուսանկարն արվել է ապրիլի 4-ին: Ստացված կադրում երևում է ուղղաթիռի շարժիչի պտուտակների ծայրերն ու մարսիական մակերևույթին հպված անիվները:

Գործակալությունից ակնկալում են, որ անօդաչուն ևս մի քանի լուսանկարներ կուղարկի Երկիր, որոնք արվել են փորձնական թռիչքների ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ապրիլի 12-ին նախատեսվում է ուղղաթիռի առաջին կառավարվող թռիչքն իրականացնել Մարսում:

Perseverance մարսագնացը նոր առաքելության շրջանակներում պետք է տեղեկություններ հավաքի մոլորակի կլիմայական պայմանների վերաբերյալ: