ArmNet 2015. PicsArt-ն ունի ամսական 60 մլն օգտագործող

ArmNet 2015. PicsArt-ն ունի ամսական 60 մլն օգտագործող

PicsArt հայկական հավելվածի ամսական օգտագործողների թիվն արդեն հասել է 60 միլիոնի։ Այս մասին ArmNet 2015 կոնֆերանսի ժամանակ հայտարարեց ընկերության տեխնիկական գծով տնօրեն (CTO) Միքայել Վարդանյանը։

Ընկերությունը պլանավորում է 2015 թվականի ընթացքում այս թիվը հասցնել 100 միլիոնի։ Օգտագործողների 45%-ը ԱՄՆ-ից և Եվրոպայից է, վերջին շրջանում ակտիվացել են նաև ասիական շրջանի օգտագործողները։

Նկարների խմբագրման համար նախատեսված ծրագիրն այժմ ապահովում է 13 լեզու։ Օրական սոցցանցերում իրենց ստեղծած աշխատանքներով կիսվում են 8-9 մլն օգտագործողներ։

Ծրագրի բեռնումների թիվն անցել արդեն անցել է 220 միլիոնը։ Մի քանի ամիս առաջ ընկերությունը ստացավ $10 մլն դոլարի չափով ներդրում Sequoia Capital վենչուրային հիմնադրամի կողմից։ Միքայել Վարդանյանի խոսքով՝ ներդրումը թույլ կտա մեծացնել PicsArt-ի՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող գրասենյակը և այնտեղի աշխատակիցների թիվը հասցնել 30-ի։

Ընկերության տեխնիկական գծով տնօրենը անդրադարձավ նաև Android Market-ում տեղադրված այլ ծրագրերի, որոնք անվանման մեջ ունեն PicsArt անունը, սակայն իրականում որևէ կապ չունեն PicsArt-ի հետ։ Ընկերության՝ ԱՄՆ-ում գտնվող իրավաբանները զբաղվում են այդ հարցով, որպեսզի նման կեղծ ծրագրերը ջնջվեն հավելվածների խանութից և շփոթության մեջ չգցեն օգտագործողներին։

Հիշեցնենք, որ վերջերս ընկերության գործառնությունների գծով տնօրեն (COO) Արտավազդ Մեհրաբյանը ելույթ ունեցավ Facebook սոցցանցի կազմակերպած F8 կոնֆերանսում՝ ներկայացնելով PicsArt-ը, սպասվող նորամուծությունները և այլն։

Բաժիններ: Հայաստան