ArmIGF. ՀՀ Ազգային գրադարանն ակտիվորեն թվայնացնում է գրքերը

ArmIGF. ՀՀ Ազգային գրադարանն ակտիվորեն թվայնացնում է գրքերը

ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ելույթ ունենալով ArmIGF 2015 ինտերնետ կառավարման համաժողովին, անդրադարձավ գրադարանում առկա գրքերի թվայնացման գործընթացին և ներկայացրեց մի շարք տվյալներ։

Սպտեմբերի 1-ի դրությամբ «Հայ գիրք» շտեմարանում առկա է 121.551 գիրք, որից թվայնացված է 4100-ից ավելին։ Ըստ Զարգարյանի՝ գրադարանը շատ գրքերի թվային տարբերակը գտնում է համացանցում և այլևս ժամանակ չի ծախսում դրանք թվայնացնելու վրա։ Գրադարանի շտեմարանում տեղադրվող այս գրքերի վրա նշվում է թվայնացնող աղբյուրը։ «Իսկ վերջին մի քանի տարիներին լույս տեսնող գրքերի թվային տարբերակն այսօր շատ ավելի հեշտ է գտնել․ շատ հեղինակներ իրենք են կապ հաստատում ու մեզ տրամադրում հրատարակության թվային տարբերակը»,-նշեց Զարգարյանը։

book

«Հայ գիրք» շտեմարանը ներառում է 1512 թվականից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր ծագերում տպագրված հայերեն, հայատառ, ինչպես նաև հայերեն ելից տվյալներ պարունակող հայկական բովանդակությամբ, և հայերեն ելից տվյալներ պարունակող ու հայ հեղինակների կողմից ստեղծված այլալեզու գրքերը: Շտեմարանում տեղ են գտել նաև երկլեզվյան ու բազմալեզվյան այն հրատարակությունները, որոնց բնագրի լեզուներից մեկը հայերենն է (ատլաս, կատալոգ, պատկերագիրք, բառարան), ինչպես նաև 1512-1800թթ. հրատարակված քարտեզները, հմայիլները, պարբերականները և հայատառ հատվածներ պարունակող այլալեզու հրատարակությունները:

Բաժիններ: Հայաստան