Հայկ Չոբանյան․ ՏՏ կրթությունը Հայաստանում պետք է լինի կարճաժամկետ

Հայկ Չոբանյան․ ՏՏ կրթությունը Հայաստանում պետք է լինի կարճաժամկետ

Ս․թ․ նոյեմբերի 13-14-ը Դիլիջանում անցկացվեց Բիզնես ինովացիոն ֆորումը, որի ընթացքում քննարկումներ ծավալվեցին 2018թ. Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու ուղղությամբ։ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից քննարկվեցին նաև ՏՏ կրթության խնդիրները։ Վերոնշյալ քննարկումների ընթացքում առաջացած մի քանի հիմնահարցերի շուրջ ittrend.am-ը զրուցեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանի հետ։

— Պրն․ Չոբանյան, որոնք են այն հիմնական խնդիրները, որոնց լուծումը կօգնի Հայաստանին 2018թ. ընդգրկվել աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում։

—Իրականում այն խնդիրները, որոնք կարող են էական փոփոխությունների բերել այս դաշտում ու իրականացնել մեր նպատակները, վաղուց ուրվագծված են։ Այլ հարց է, որ պետք է սկսել լուծել դրանք և ոչ թե միայն խոսել ու քննարկել։ Վարքագիծը պետք է փոխվի, մեզ պակասում է գործնական մոտեցումը, սա վերաբերվում է ոչ միայն կառավարությանը, պետական մարմիններին, այլ նաև մասնավոր հատվածին, կրթական հաստատություններին։

Ցավալի մի փաստ կարող եմ նշել․ տարեցտարի մեր խնդիրների օրակարգը չի փոխվում, նշանակում է գործընթաց չկա, վերջերս կայացած Բիզնես ինովացիոն ֆորումին մենք քննարկում էինք կրթական համակարգի թերությունները, սակայն եթե լսենք անցած տարվա ֆորումի ձայնագրությունը, կթվա, որ քննարկումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Կոչ եմ անում ավելի ակտիվ զբաղվել ծառացած խնդիրների լուծմամբ։

Կարևոր է, որ երկխոսությունն անկեղծ լինի բիզնեսի, ակադեմիայի ու կրթության միջև․ մեր երկիրը բավական լուրջ մարտահրավերների առաջ է այսօր կանգնած ու կորցնելու ժամանակ չունենք։ Ամբողջ աշխարհի զարգացումը գնում է դեպի ինովացիա, եթե ինչ-որ խնդիր կարող ենք լուծել մեկ տարվա մեջ, իրավունք չունենք դա երկու տարում անել, որովհետև արդեն ուշ է լինելու։

— ՏՏ կրթության ոլորտում ի՞նչ խնդիրներ կան, որոնց լուծումը, Ձեր կարծիքով, առաջնային է։

— Կրթության ճգնաժամը միայն Հայաստանում չէ, դա համաշխարհային խնդիր է։ Էական է այն, որ ինովացիոն արդյունաբերության տեմպերն ու առանձնահատկությունները փոխվել են ու պահանջում են, որ կրթությունը հիմնովին փոխվի, որովհետև այսօր գիտելիքը հնանում է շատ արագ։ Այդ պատճառով բողոքը համատարած է։ Այս խնդիրը լուծելու համար մենք տեսնում ենք մի քանի ուղի․

  1. Կրթությունը պետք է լինի կարճաժամկետ․ 6 տարվա կրթությունն այսօր չի կարող լինել զանգվածային․ սա գուցե նպատակահարմար է գիտության կամ գիտահետազոտական ասպարեզն ընտրողների համար, սակայն բիզնեսի մարդը չի կարող 6 տարի կապված լինել կրթական հաստատության հետ։ Առաջարկում ենք բակալավրիատը դարձնել կարճաժամկետ ու ուսանողին տալ բիզնես մտնելու համար հիմնական գիտելիքներ։ Այլապես երեք-չորս տարի հետո նրա ստացած գիտելիքն արդեն հնացած կլինի բիզնեսում կիրառելու համար։
  2. Անհրաժեշտ է պրակտիկ ուսուցում, որը կկազմի դասընթացների գոնե 50%-ը։
  3. Այլընտրանքային կրթական գործիքների կիրառություն․ ես համոզված եմ՝ տարիներ հետո առցանց գործիքները կդառնան կրթության հիմնական աղբյուրը։ Դրանք հնարավորություն են տալիս շաբաթների ընթացքում հիմնական գիտելիքներ ստանալ, շուկա մտնել ու զարգանալ, այսպես թե այնպես կյանքում միշտ էլ պետք է շարունակել սովորել։ Կարևոր է, որ պետությունը կարգավիճակ տա առցանց կրթությանը, այսօր դեռևս մեծ նշանակություն ունի թուղթը, վկայականն ու դիպլոմը, ինչի պահանջը, համոզված եմ՝ տարիներ հետո կվերանա։
  4. Հաջորդը պետք է լուծել միջին մասնագիտական կամ պրոֆեսիոնալ կրթության բացակայության խնդիրը․ այսօր այդպիսի հաստատություններում սովորում են նրանք, ովքեր ուրիշ տեղ գնալու հնարավորություն չունեն, նրանք, ովքեր բուհ չեն ընդունվում, բիզնես չեն կարողանում սկսել և այլն։ Իսկ մեր երկիրը միջին մասնագիտական կրթություն ունեցողների մեծ կարիք ունի․ այսօր Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կապուղիների անցկացնող է աշխատում բուհավարտ մարդը, ինչն արդեն հոգեբանական կոնֆլիկտի աղբյուր է։

— Ինչպե՞ս կարելի է ՏՏ կրթության հնացած ուսումնական ծրագրերն արագ կերպով թարմացնել ՀՀ բուհերում։

—Աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունները բոլորի համար հասանելի տեղադրել են իրենց ուսումնական ծրագրերն առցանց տեսքով, իսկ դասախոսական անձնակազմը փոխելու, դասավանդողներին բարձր աշխատավարձ վճարելու համար ԻՏՁՄ-ն առաջարկում է այդ նպատակին ուղղել որոշակի ֆոնդեր կամ հարկերից ստացվող տոկոսներ։ Պետությունը չի տուժելու դրանից, քանի որ ներդրումը զարգացնելու է երկրի ՏՏ ոլորտն, ու արգասիքը շատ ավելի մեծ է լինելու։

— Կրթության ոլորտում ի՞նչ ձեռքբերումներ ունենք, որոնք կցանկանաք նշել։

— Մեկ տարի առաջ հայտարարեցինք ինժեներական կրթությունը դեպի դպրոցներ տանելու ծրագրի մասին, ԻՏՁՄ-ն հակված էր նրան, որ ծրագրի հիմնական իրականացնողը պետք է պետությունը լինի, քանի որ սա ազգային ծրագիր է, որն իր հավակնոտությամբ կարող է որոշիչ դեր խաղալ ոլորտի զարգացման համար։ Պայմանավորվածությունների առումով տեղաշարժ չեղավ, սակայն այս պահի դրությամբ ունենք 84 համայքներ, որտեղ կան ինժեներական լաբորատորիաներ երիտասարդ սերնդի համար։ Մինչև այս տարվա վերջ այս թվին կավելանա ևս 10 համայնք։

Զրուցեց Գայանե Գալստյանը

Բաժիններ: Հայաստան