Microsoft VS Apple. գովազդային պատերազմը շարունակվում է

Microsoft VS Apple. գովազդային պատերազմը շարունակվում է

Microsoft ընկերությունը մեկնարկել է իր նոր գովազդային արշավը, որն ուղղված է Apple-ին: Նոր գովազդային հոլովակներում, որոնք ուղեկցվում են «Windows համակարգիչները կարողանում են ավելին» գրառմամբ, ընկերությունն ակնարկում է Mac-երի թերարժեքությունը` մատնանշելով Windows համակարգիչների նոր հնարավորությունները՝ սենսորային էկրանը, ձայնային օգնականը և դիմագծերի ճանաչմամբ մուտքաբառի հնարավորությունը:

Մի հոլովակում հերոսուհիներից մեկն ասում է. «Այսպիսի բան չկա նույնիսկ իմ Mac համակարգչի վրա»,- հաստատելով Windows համակրգչի դիմագծերի ճանաչման ֆունկցիան (Windows Hello)։

Մեկ այլ տեսահոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է հնարավոր նկարել նոր համակարգչի էկրանի վրա։

Microsoft-ը և Apple-ը վաղուց են գովազդային «պատերազմներ» մղում միմյանց դեմ: Օրինակ՝ 2000-ականների կեսերին Apple-ը մեկնարկել է Get a Mac գովազդային արշավը՝ փորձելով ապացուցել Mac-երի առավելությունը Windows համակարգիչների նկատմամբ: Նկարահանված ավելի քան 80 կարճատև տեսահոլովակներում PC-ի դերը տանում էր միջին տարիքի մի տղամարդ` դասական հագուստով, իսկ Mac-ը ցուցադրված էր որպես մի կրեատիվ երիտասարդ` ջինսե հագուստով:

Այնուամենայնիվ, Microsoft-ի և Apple-ի միջև հակամարտությունը կրում է բացառապես մարկետինգային բնույթ: Այդ մասին վկայում է Microsoft-ի ամանորյա տեսահոլովակը, որի վերջում ընկերության աշխատակիցները գրկախառնվում և շնորհավորում են իրենց «խնձորային» գործընկերներին:

Աղբյուրը` Business Insider