«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթում հաղթեց «Ականավոր» թիմը

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթում հաղթեց «Ականավոր» թիմը

Այսօր` ապրիլի 16-ին, Yerevan Expo կենտրոնում տեղի ունեցավ «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի մասնակից ռոբոտները պետք է խոչընդոտները շրջանցելով գտնեին արհեստական խոտածածկի տակ մինչև 3 սմ խորության վրա պահված ականները, ֆիզիկապես նշեին դրանց գտնվելու վայրը և դրանց դասավորությամբ էլեկտրոնային քարտեզն ուղարկեին սերվերին:

Մրցույթի եզրափակիչ փուլ էին անցել 11 թիմ Հայաստանի տարբեր մարզերից: Ներկայացված էին Գյումրիի «Ընտանիք կենտրոնի», Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների, «Քարհանյան» ուսումնական կենտրոնի, Թալինի, Սիսիանի, Վեդիի, Գորիսի թիվ 4, Վանաձորի թիվ 5, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցների և Երևանի մի խումբ ուսանողների կողմից առաջարկված ռոբոտներ:

Հաղթող ճանաչվեցին «Ականավոր», «Android», «Digital Cloud» թիմերը` գրավելով համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերը: Հաղթողները ստացան դրամային պարգևներ` 600.000 դրամ` առաջին տեղի համար, 400.000` երկրորդ տեղի համար և 260.000` երրորդ տեղի համար:

«Ռազմական խնդիրները մեզ համար միշտ եղել և մնում են առաջնահերթ։ Արդեն այսօր 10-12 տարեկան երեխաներին հնարավորություն է տրվում զբաղվել ինժեներությամբ։ Իրենց գիտելիքները, հմտություններն օգտագործելով՝ տարիներ անց նրանք կկարողանան ոչ միայն Հայաստանի հաղթանակն ապահովել մեր թշնամիների նկատմամբ, այլև լուծել համաշխարհային մակարդակի խնդիրներ»,- ասաց ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը։

«Ռազմական կիրառության նշանակություն ունեցող այս մրցույթների օգնությամբ մենք ցանկանում ենք հայ երիտասարդների շրջանում ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Սա առավել արդիական է, քանի որ պրակտիկ խնդիրներ լուծելով` նրանք կարող են համալրել նաև Հայաստանի ռազմաարդյունաբերության ոլորտը»,-նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթն անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ «Յուքոմ» ընկերության աջակցությամբ։