Մարզերի հզորացումը հնարավոր է բարձր տեխնոլոգիաների ներդրման ու ապակենտրոնացման միջոցով. Ամալյա Եղոյան

Մարզերի հզորացումը հնարավոր է բարձր տեխնոլոգիաների ներդրման ու ապակենտրոնացման միջոցով. Ամալյա Եղոյան

«Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնն» արդեն 13 տարի  է, ինչ  գործում է Գյումրիում և իրականացնում  կրթական մի շարք ծրագրեր  ՀՀ բոլոր մարզերում, նաև` Արցախում։ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների  Կենտրոնի շրջանավարտների 99%-ն աշխատում է առաջատար ՏՏ ընկերություններում։  ԳՏՏԿ կրթական ծրագրերն այս տարվանից  հասանելի են նաև Երևանում։ Թե, ինչ առավելություններ ունի ուսուցման  նման ձևաչափը, ինչ կարող է տալ ուսանողներին պարզել ենք Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի գործադիր տնօրեն, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանից։

–Տիկին Եղոյա՛ն, Դուք վերջերս եք ստանձնել նոր պաշտոնը, ի՞նչ եք նախատեսում անել։

–ՁԻՀ–ում արդեն մի քանի օր է, ինչ զբաղվում եմ մարզերում բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացման հարցով։ ՁԻՀ–ի հետ այս պահին ռազմավարություն ենք մշակում` ճանապարհային քարտեզ։ Սա, նախարարությունում իմ ունեցած նախագծերի շարունակությունն է։ Երբ եկա նախարարություն, ինձ համար կրկին գլխավորը այդ կառույցի միջոցով մարզերին աջակցություն ցույց տալն էր, զարգացնել ու հզորացնել բարձր տեխնոլոգիաները, քանի որ միայն դրա միջոցով կարելի է կանխել արտագաղթը, նպաստել աշխատատեղերի ստեղծմանը։ Նույն նպատակներն իրագործելու ընթացքը կշարունակվի նաև այստեղ։

–Ի՞նչի շուրջ եք հիմա աշխատում։

–Ծրագրեր ենք մշակում մարզերի համար  և առաջինը Վայոց Ձորի  մարզն է։ Ծրագիրն արդեն ներկայացրել ենք  Հայաստանում Հնդկաստանի դեսպանություն, որովհետև այս մարզում  հնդկական կառավարության աջակցությամբ լաբորատորիաներ են ձևավորվել։ Հաջորդը Սյունիքի մարզն է` Կապանը, որտեղ  կրկին «Քրոնիմեթ» հիմնադրամի և ՁԻՀ–ի համագործակցության արդյունքում կա M լաբ։ Այն տեղակայված է Պոլիտեխնիկական համալսարանում։ Եվ Գեղարքունիքի մարզը` Գավառը, որտեղ աշխպատել սկսել էի, երբ ղեկավարում էի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը։ Մարզերին են ուղղված լինելու  իմ ջանքեր,  փորձելու ենք ներդրումներ բերել և Գյումրու ու Վանաձորի մոդելն օգտագործել նաև այլ մարզերում։

–Իսկ Արցախն ինչ–որ ձևով ներառված   լինելո՞ւ է այս գործընթացին։

–Ես այցելել եմ Արցախի ՏՏ կենտրոն, որտեղ Էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել այդտեղ    կրթական ծրագրեր սկսելու հարցը։ Մենք հետ ենք վերադառնալու այդ քննարկմանը, այցելելու եմ  Արցախ ու շարունակելու ենք բանակցությունները մինչ կունենանք առարկայական հնարավորություններ ծրագիրը սկսելու համար։ Արցախը կարևոր տեղ է զբաղեցնում այս զարգացումների մեջ։

–Խոսենք  Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների  Կենտրոնի մասին։ Ո՞ր ուղղությամբ է ընթանում  հիմա գործունեությունը։ Եվ որոշակի հատվածով Երևան տեխափոխվելն ինչո՞վ էր պայմանավորված։

–Գիտեք, նախարարությունում հնարավորություն չկա համատեղել մի քանի ծրագրեր ու կենտրոններ։  Ես մինչ նախարարություն տեղափոխվելը Գյումրու ՏՏ Կենտրոնի (իրականացվում է Հայ  օգնության ֆոնդի աջակցությամբ) գործադիր տնօրենն էի, և այսօր, ունենալով մի փոքր ազատություն, նաև  կրկին համատեղում եմ կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը։ Հայ օգնության ֆոնդի հետ քննարկեցինք ու քանի որ արդեն 13 տարվա ընթացքում GITC-ն Գյումրու սահմաններից դուրս էր եկել, գրեթե Հայաստանի ու Արցախի բոլոր տարածքներում ծրագրեր ենք իրականացրել, որոշեցինք, որ արդեն ժամանակն է դրա մի մասը բերել Երևան։ Ինչո՞ւ  որոշեցինք սա։ Նախարարությունում իմ 5 ամսվա աշխատանքը  օգնեց կողմնորոշվել այս հարցում։ Փոխնախարարի պաշտոնում ես կարողացա ուսումնասիրել երևանյան շուկան, նախկինում էլ էի շփվել, բայց ծրագիր իրականացնողի նման չէի շփվել։ Նկատեցի խնդիր, երբ մասնավոր սեկտորի հետ շփվում ես, իրենք ունեն կադրերի կարիք, որը պետք է տիրապետի մի քանի ուղղության, այլ ոչ թե մեկին։ Հիմնարար մաթեմատիկական, ալգորիթմական մտածելակերպով կադրերի պահանջ կա, ովքեր կարող են հեշտությամբ մեկ տեխնոլոգիայից անցնել մյուսներին։ Շփվեցի կրթական կենտրոնների հետ ու պարզ դարձավ, որ այդ կենտրոնները իրականացնում են կարճաժամկետ` 6 ամիս տևողությամբ դասընթացներ։ GITC–ն Գյումրիում իրականացնում է երկու տարվա, վերջերս նաև մեկ տարվա, ամբողջական ծրագիր։ Ծրագիրը սկսում է ամառային նախապատրաստական դասընթացներից` մաթեմատիկա, ալգորիմներ, ծրագրավորման փիլիսոփայություն, օպերացիոն համակարգեր։ Այս ամենից հետո մասնագիտական նեղ ուղղվածության բաժանում ենք անում։ Մի մասն ուզում է դառնալ Web ծրագրավորող, մյուս մասը` Mobile ծրագարվորողներ։

–Այսինքն` մագիստրոսական, բուհական կոնցեպտ եք առաջարկում։

–Այո։  Լրիվ մագիստրոսական համակարգ է։ Մի քանի  տարի առաջ կար նման խոսակցություն, որ պետք է դիմել ԿԳ նախարարություն ու այս ծրագիրը դարձնել մագիստրոսական ծրագիր, բայց մենք դեմ էինք  դրան, քանի որ չէինք ուզում կախված լինել բյուրոկրատական որոշումներից։ Մեր ուսումնական  ծրագիրն ամբողջապես կախված է շուկայի պահանջից։  Եթե  այսօր ընկերությունները պահանջում են օրինակ` ինչ–որ տեխնոլոգիա, մենք ազատ ենք փոխել ու սովորեցնել այն տեխենոլոգիան, որը կստեղծի աշխատատեղի հնարավորություն։ Այսօր բանակցում ենք Rambler ընկերության հետ, որ   Երևանում սկսի իր բիզնեսը։ Նա պատրաստ է ու եթե նրան տարբեր ոլորտի ծրագրավորողներ են պետք, մենք ազատ ենք պատրաստել այդ մասնագետներին։ ճկունությունը  պահպանելու համար մենք մնացինք անկախ։ Մեր 13 տարվա բոլոր շրջանավարտները աշխատում են։ Իհարկե, առաջնայնությունը այն է, որ աշխատեն Գյուրմիում։ Հիմա Microsoft ինովացիոն կենտրոնի ու Եվրոպական միության հետ համատեղ ջանքերով իրականացվող ծրագրի շնորհիվ ավարտածների 70%–ը աշխատում են Գյումրիում, բայց երևանյան լավագույն  ընկերություններում էլ մեր շրջանավարտները կան։

–Սկսե՞լ եք արդեն ծրագիրը։

–Երևանում մեկնարկել է ընդունելությունը` Հայ օգնության ֆոնդի և ՁԻՀ–ի աջակցությամբ։ Դասընթացները վճարովի են լինելու։ Էժան չեն լինելու, որովհետև  որակը, կապը բիզնես բոլորտի հետ, դասախոսները մասնավոր սեկտորից թանկ են։ Մենք վստահ ենք, որ մեր շրջանավարտները կլինեն մրցունակ։

–Ո՞վ կարող է դիմել այդտեղ սովորելու համար։

–GITC–ի ծրագրին կարող են դիմել դպրոցի, բուհի կամ միջին մասնագիտական հաստատության շրջանավարտները։ Ցանկալի չէ, որ լինեն ուսանող ու համատեղեն։ Մենք իրականացնում ենք ամբողջական ծրագիր` մեկը մյուսին խանգարելու է։ Ստուգելու ենք դպրոցական մաթեմատիկական կարողություններն ու տրամաբանությունը։ Ընդունելությունը մինչև օգոոստոսի 20–ն է, որից հետո կլինի ընդունելության քննություն, որոնք կանցկացնեն մեր մասնագետները։ Մենք հիմա կոչումներ չենք տալիս, բայց  փորձում ենք համագործակցել միջազգային սերտիֆիկատներ տվող  ընկերությունների հետ և GITC–ն որպես գործընկեր հանդես գա Հայաստանում։ Դա ժամանակի խնդիր է։ Մենք հստակ գիտենք, որ առաջին կիսամյակից հետո, երբ սկսեն նեղ մասնագիտական ծրագրեր ուսուցանվել,  ուսանողները կբաժանվեն թիմերի ու թիմային պրոյեկտներ կունենան։ Նաև հնարավորություն կունենան շփվել մասնավոր ընկերությունների հետ, պրակտիկաներ անցնել։  Բայց ոչ բոլորը։ Պետք է լավ սովորեն։ Խիստ է լինելու, մաղելու գործընթացը խիստ է լինելու։

 

Հարցազրույցը` Սյուզան Թոսունյանի