Գերմանացի սթարթափը 5-ժամյա աշխատանքային օր է սահմանել, սակայն արգելել է սոցցանցերն ու սմարթֆոնները

Նույնն են մնացել առաջադրանքները, նույն աշխատավարձն է, բայց ժամը 13.00-ին կարելի է տուն գնալ. աշխատանքային այս գրաֆիկով ընկերությունն աշխատում է արդեն 1,5 տարի:

2017 թվականի վերջին գերմանացի Լասսե Ռայնգանսը ձեռք է բերել ոչ մեծ խորհրդատվական ընկերություն՝ այն վերանվանելով Rheingans Digital Enabler: Նա անմիջապես էքսպերիմենտ է անցկացրել. կրճատել է աշխատանքային օրը՝ սահմանված 8-ժամյա գրաֆիկը փոխարինելով 5-ժամյա աշխատանքային օրով: Աշխատավարձի չափն ու արձակուրդից օգտվելու հնարավորությունն անփոփոխ են մնացել: Ռայնգանսը նաև որոշակի սահմանափակումներ է մտցրել աշխատակիցների առօրյայում. արգելել է օգտվել սմարթֆոններից, սոցցանցերից և աշխատանքային ժամերին բամբասանքով զբաղվելուց:

«Մենք բոլորս անցել ենք դրա միջով. նստել ենք գրասենյակում՝ զուրկ էներգիայից, թերթել ֆեյսբուքը, որպեսզի հանգստանանք և լիցքավորվենք, բայց՝ անօգուտ: Իմ նպատակն այն էր, որպեսզի կենտրոնացված աշխատենք 5 ժամ և հետո «օգտակար» ընդմիջում անենք»,- նշել է նա:

Ամփոփելով արդյունքները՝ Ռայնգանսը հավաստիացրել է, որ կարճօրյա աշխատանքային գրաֆիկից ընկերությունը չի տուժել. պահպանվել է արդյունավետության նույն մակարդակը: Դրա հետ մեկտեղ՝ նա հավելել է, որ աշխատանքային նոր պայմաններում աշխատակիցներն ավելի երջանիկ են դարձել: