Հայտնի են դարձել Kindle Fire 2-ի պարամետրերը

All Things Digital տեխնոբլոգը հրապարակել է Amazon ընկերության ապագա Kindle Fire 2 պլանշետի պարամետրերի մասին մանրամասներ` հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Kindle Fire 2-ը լինելու է ավելի բարակ և թեթև, քան պլանշետի նախորդ մոդելը, որը կշռում էր 413 գրամ և ուներ 11.4 մմ հաստություն: Պլանշետի էկրանի կետայնությունը կկազմի  1280×800, իսկ թե որքան է կազմելու էկրանի անկյունագիծը, տեխնոբոլգը չի նշում:

NPD DisplaySearch-ի վերլուծաբան  Ռիչարդ Շիմի կարծիքով, նոր Kindle Fire-ը կթողարկվի չորս տարբերակով՝ 7 դյույմ անկյունագծով, 1,024×600 կետայնությամբ, առանց ֆոտոխցիկի կամ նույն պարամետրերով՝ ներառյալ ֆոտոխցիկը: Երրորդ հնարավոր տարբերակը ներառում է նաև 4G ցանցին միանալու հնարավորությունը, իսկ 4-րդ տարբերակն ըստ վերլուծաբանի ունենալու է 8,9 դյույմ անկյունագծով էկրան և 1,920×1,200 կետայնություն:

Սպասվում է, որ Kindle Fire 2-ը կթողարկվի 2012թ. երկրորդ կիսամյակում՝ հուլիսից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Ավելի վաղ СNET News –ը գրել էր, որ պլանշետի շնորհանդեսը կայանալու է հուլիսի 31-ին:

Amazon-ը ներկայացրել է իր Kindle Fire պլանշետի առաջին սերունդը 2011թ. սեպտեմբերին: Այն աշխատում է փոքր ինչ փոփոխություններ կրած Android օպերացիոն համակարգով: Պլանշետը հիմնականում նախատեսված է գրքեր կարդալու, երաժշտություն լսելու, ֆիլմեր դիտելու համար: Kindle Fire-ի հիմնական մրցակիցն է համարվում Google ընկերության նոր թողարկված Nexus 7 պլանշետը: