Նոր iPad-ն իսկապես չի միանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ծածկույթին

Օգոստոսի 9-ին ittrend.аm-ի կողմից հրապարակված «10 պատճառ iPad չընտրելու համար» նյութի 4-րդ կետում նշվում է, որ «iPad-ը համատեղելի է 4G ցանցի հետ: Առաջին հայացքից «աչք ծակող» նորություն է: Սակայն պետք է նշել, որ iPad-ի 4G-ն նախատեսված է միայն ԱՄՆ-ի և Կանադայի համար: Բացի դրանից, աշխարհում «մատների վրա» կարելի է հաշվել բոլոր այն երկրներն, ուր գործում է 4G ծածկույթ»:

Երևանում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից մատուցվող 4G ծածկույթը մեր մի շարք ընթերցողների շրջանում հարց առաջացրեց, թե իսկապե՞ս Հայաստանում հնարավոր չէ Նոր iPad-ով միանալ 4G ցանցին:

Ի պատասխան բոլոր հետաքրքրվողների, ներկայացնում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայության կողմից ittrend.am-ին տրամադրած պաշտոնական տեղեկությունը:

«Apple iPad 3 պլանշետային համակարգիչները չեն կարող աշխատել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցում, ինչպես և եվրոպական մի շարք երկրների 4G ցանցերում, քանի որ վերը նշված 4G ցանցերը չեն օգտագործում այն ռադիոհաճախականությունների հատվածները, որոնք նախատեսված են Apple iPad-ի նախագծողների կողմից»,-հայտնում է ընկերությունն իր նամակում:

Հիշենք, որ Apple ընկերությունն իր պաշտոնական կայքում նույնպես նշում է, որ 4G-ն նախատեսված է միայն ԱՄՆ-ի և Կանադայի համար: