“IFA 2012”. Samsung-ը ներկայացրեց երկու Windows 8 պլանշետ

Samsung ընկերությունը Բեռլինում անցկացվող IFA 2012 տեխնոլոգիական  ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է Windows 8-ով աշխատող երկու նոր պլանշետ-նոութբուք՝ Samsung ATIV Smart PC-ն և ATIV Smart PC Pro-ն: Այս մասին ընկերությունը հայտնում է իր բլոգում:

Երկու պլանշետներն էլ ունեն 11.60 դյույմ անկյունագծով էկրան և շարժական ստեղնաշար, որը թույլ է տալիս օգտագործել սարքը թե՛ որպես պլանշետ և թե՛ որպես նոութբուք: Երկու պլանշետները կարող են կառավարվել նաև ստիլուս S Pen-ով, ինչը հարմար է հատկապես դիզայներների համար:

Երկու պլանշետների հաստությունը 9.9 մմ է: ATIV Smart PC Pro-ն աշխատում  է Intel Core i5 պրոցեսորով և ունի 4Գբ օպերատիվ հիշողություն, իսկ ATIV Smart PC-ն աշխատում է Intel Atom պրոցեսորով և ունի 2Գբ օպերատիվ հիշողություն:

Smart PC-ն հագեցած է USB 2.0-ով, իսկ Smart PC Pro-ն՝ USB 3.0-ով: Այն ունի նաև mHDMI, miniSD և երկու հավելյալ USB 2.0 մուտք ստեղնաշարի վրա: ATIV Smart PC-ի մարտկոցի աշխատանքը կազմում է 14 ժամ, իսկ Smart PC Pro-ն կարող է աշխատել առանց լիցքավորման 8 ժամ:

ԱՄՆ-ում այս երկու պլանշետների վաճառքը կմեկնարկի հոկտեմբերին: Smart PC-ն կարժենա 649 դոլար առանց ստեղնաշարի, ստեղնաշարով՝ 749 դոլար, իսկ Smart PC Pro-ն համապատասխանաբար 1119 դոլար: