Ի՞նչ սպասել ՏՏ ոլորտից սեպտեմբերին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը այս սեպտեմբերին աչքի է ընկնելու նոր սարքերի առատությամբ: Կարելի է ասել, տեխնոլոգիական սեզոնը բացված է:

Սեզոնը մեկնարկում է “IFA 2012” ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսով, որի ժամանակ ՏՏ հսկաներն իրենց նորույթներն են ցուցադրում: Արդեն Samsung-ը ներկայացրել է իր սպասված Galaxy Note 2 սմարթֆոն-հիբրիդը և մի քանի այլ նորույթ:  IFA 2012-ը կշարունակվի մինչև սեպտեմբերի 5-ը:

Սեպտեմբերի 5-ին համատեղ մամուլի միջոցառմամբ հանդես են գալու Microsoft և Nokia ընկերությունները: Սպասվում է, որ ներկայացվելու է Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգը և դրանով աշխատող Nokia Lumia սմարթֆոնների նոր սերունդ:

Սեպտեմբերի 6-ին կկայանա ինտերնետ-վերավաճառող Amazon-ի երկար սպասված ասուլիսը: Տեխնոլոգիասեր մամուլը կարծում է, որ ընկերությունը կներկայացնի իր Kindle Fire պլանշետի նոր սերունդը, ինչպես նաև Kindle ընթերցիչների մի քանի նոր մոդել: Ի դեպ, այսօր Amazon-ը հայտնեց, որ Kindle Fire-ի առաջին սերնդի բոլոր օրինակները վաճառվել են: Նշանակում է, սա փոքր ակնարկ է գալիք 2-րդ սերնդի մասին:

Սեպտեմբերի 7-ին Երևանում կկայանա Armenia Startup Cup (Ստարտափների առաջնություն) բիզնես-մոդելի մրցույթը, որի կազմակերպիչն է Նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկությունների ասոցիացիան: Ստարտափների առաջնությունը նոր բիզնես-մոդելների մշակման միջազգային մրցույթ է, որը հիմնվում է նախաձեռնողական և տեղի ներուժի օգտագործման սկզբունքների վրա` թույլ տալով մրցույթին ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար: Մրցույթն ամփոփվելու է նոյեմբերին:

Սեպտեմբերի 8-ին Երևանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի «Խաղերի ոլորտը և խաղերի ստեղծման մեթոդները» թեմայով դասընթաց «Բաց Խաղ» առաջնության մասնակիցների համար: Դասընթացը վարելու է Plexonic ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սարգսյանը:

Սեպտեմբերի 12-ին կկայանա տարվա ամենասպասված միջոցառումը՝ Apple-ի մամուլի ասուլիսը: Բոլոր «խնձորամոլները» 1 տարի շարունակ տարբեր լուրեր են տարածում ընկերության գալիք արտադրանքների, մասնավորապես երկար սպասված iPhone 5-ի և փոքր պլանշետի՝ iPad mini-ի մասին: Մնում է հուսալ, որ ընկերությունը չի հիասթափեցնի իր երկրպագուներին և սեպտեմբերի 12-ին կներկայացնի iPhone-ի նոր սերունդը:

Սեպտեմբերի 15-ին Երևանում կկայանա “Բաց Խաղ” համակարգչային խաղերի նախագծման առաջնության 3-րդ փուլը: Առաջնության մասնակիցները ժյուրիի անդամներին ներկայացնելու են խաղերի գրեթե պատրաստ տարբերակը, ժյուրին կատարելու է իր վերջին դիտարկումները և ընտրելու հոկտեմբերի 20-ին կայանալիք եզրափակիչ փուլին-ցուցահանդեսին ներկայացվող նախագծերը: 3-րդ փուլի ընթացքում կընտրվեն նաև այն նախագծերը, որոնք կներկայացվեն հոկտեմբերի 5-7 կազմակերպվելիք ԴիջիԹեք էքսպո ցուցահանդեսին:

Սեպտեմբերի 18-ին Լոնդոնում Motorola ընկերությունն անցկացնելու է իր մամուլի միջոցառումը: Ըստ լուրերի, Motorola-ն ներկայացնելու է բրենդային Intel սմարթֆոն:

Առայժմ ասյպիսինն է տեխնոլոգիառատ աշնան սկիզբը:

Հ.Գ. Հիշենք, որ սեպտեմբերից 3-ից «Օրանժ Արմենիա» ընկերությունը կղեկավարի նոր տնօրենը՝ Ֆրանսիս Ժելիբտերը: Հավելենք, որ սեպտեմբերից կարելի է օգտվել Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված անվճար Wi Fi անլար ինտերնետ կապից: