Microsoft-ը ներկայացրել է iTunes-ի մրցակցին

Microsoft-ը ներկայացրել է Xbox Music երաժշտական ծառայությունը: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական կայքում:

Xbox Music-ից կարող են օգտվել Xbox 360 խաղային սարքի, Windows 8-ով աշխատող պլանշետների և համակարգիչների և Windows Phone 8-ով աշխատող սմարթֆոնների օգտագործողները: Windows 7 և Windows Phone 7 ՕՀ-ներում ծառայությունը չի աշխատելու:

Xbox Music ծառայությունը ներառում է ավելի քան 30 միլիոն երգ: Այն ունի օգտագործման երեք մոդել՝ երգերի անվճար ունկնդրում հոսքային ռեժիմով (ներառյալ գովազդ), ամսեկան կամ տարեկան բաժանորդագրություն (առանց գովազդի և երգերի օգտագործում՝ առանց ինտերնետի) և երաժշտական օնլայն-խանութ: Վճարելով այս կամ այն երգի համար՝ օգտագործողը կկարողանա ներբեռնել դրանք իր սարք: Թե որքան են արժենալու այս ծառայությունները, Microsoft-ն,առայժմ, չի պարզաբանում:

Xbox Music-ի օգտագործման առաջին մոդելը հասանելի է լինելու 15 երկրներում, բաժանորդագրություններով մոդելը՝ 22 երկրներում: Երկրների ցանկը Microsoft-ն չի նշում:

Xbox Music-ը կգործի հոկտեմբերի 16-ից: Xbox Music-ը կդառնա Zune երաժշտական ծառայության փոխարինողը, որն այսօր օգտագործվում է Windows, Xbox 360 և Windows Phone օգտագործողների կողմից: Xbox Music-ը կդառնա iTunes-ի, ինչպես նաև Pandora և Spotify ամերիկյան նմանատիպ ծառայությունների մրցակիցը: