Windows-ի առաջին տարբերակը 27 տարեկան է

27 տարի առաջ՝ 1985թ. նոյեմբերի 20-ին, Microsoft ընկերությունը թողարկեց Windows-ի առաջին տարբերակը, որը հետագայում դարձավ աշխարհի ամենաճանաչված օպերացիոն համակարգը:

Windows 1.0-ը փաստացիորեն չի եղել օպերացիոն համակարգ, այլ իրենից ներկայացրել է գրաֆիկական ինտերֆեյս՝ գործարկվող MS-DOS-ից: Այս կարգավիճակը պահպանվել է մինչև 1995թ-ն՝ Windows 95-ի պաշտոնական թողարկումը:

Windows 1.0-ը առաջին ինտերֆեյսը չէր, որը թույլ էր տալիս աշխատել գրաֆիկական միջավայրում: Օրինակ Microsoft-ը, որոշ ժամանակ Windows-ի հետ զուգահեռ աշխատում էր նաև IBM-ի հետ OS/2 համակարգի շուրջ: Windows օպերացիոն համակարգը մեծ ճանաչում ձեռք բերեց 3-րդ տարբերակի թողարկումից հետո 1990թ-ին:

Microsoft-ը մինչև 2001թ. շարունակում էր աջակցել Windows 1.0-ն: Իսկ ընկերության ճանաչված ՕՀ-ի վերջին տարբերակը՝ Windows 8-ի վաճառքը 2 շաբաթ է, ինչ մեկնարկել է: Windows 8-ը աշխատում է թե՛ անհատական համակարգիչների և թե՛ պլանշետների հետ: Gartner վերլուծական ընկերության տվյալներով, 2012թ. վերջում Windows-ով աշխատող սարքերի քանակն ամբողջ աշխարհում կկազմի 1.5 միլիարդ: