1. «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթ
Մրցույթը իրականացվում է 2009 թ-ից: Մինչ օրս անցկացվել է 2 անգամ՝ 2009թ.-ին և 2011թ.-ին: Մրցույթի շրջանակներում մասնակից թիմերը պետք է նախագծեն և հավաքեն այնպիսի ռոբոտներ, որոնք համապատասխան դաշտում պետք է գտնեն իրարից տարբեր իրեր, հավաքեն դրանք ու դասակարգեն ըստ համապատասխան տեղամասերի: Մրցույթի ընթացքում մասնակիցները սովորում են պատկերների ճանաչում, մանիպուլատորների նախագծում, հավաքում և այլն: Մրցույցն ավելի բարձր մակարդակով անցկացնելու և թիմերի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով` այս տարի մինչ մրցույթը մասնակիցների համար կանցկացվեն պատկերների ճանաչման, մեխանիկայի վարժանքներ:
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա հուլիսին, իսկ գրանցման վերջնաժամկետն է մարտի 15-ը:
2. «Ական փնտրող ռոբոտ» մրցույթ
Այս մրցույթում մասնակիցները նախագծում և պատրաստում են ռոբոտներ, որոնք գտնում են հողի տակ պահված ականները: Ռոբոտի մրցութային տարածքը սպիտակ պատերով առանձնացված հողատարածքն է, որտեղ մինչև 3 սմ խորության վրա թաղված են ականները: Ռոբոտը պետք է անցնի այդ ամբողջ տարածությունը, շրջանցի խոչընդոտները, գտնի ականները, ֆիզիկապես նշի դրանց գտնվելու վայրը և ականների դասավորությամբ քարտեզն ուղարկի մրցույթի սերվերին: Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ և չափ: Ականները կլինեն մետաղական, ռոբոտն ականները կգտնի իր վրա տեղակայված մետաղ գտնող սենսորի միջոցով: Ականի վրա պայթելու պարագայում կվառվեն լամպեր, որոնք տեղադրված են ժյուրիի սեղանին: Մրցույթում կհաղթի այն թիմը, որի նախագծած ռոբոտը նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով կկատարի իր առջև դրված խնդիրը:
Մրցույթը նախատեսվում է անցկացնել սույն թվականի հուլիսի առաջին շաբաթում, իսկ գրանցման վերջնաժամկետն է մարտի 15-ը:
3. «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթ
Մրցույթը նախատեսվում է անցկացնել 2013թ.-ի մայիսին: Մրցույթի ընթացքում ռոբոտը պետք է թռչի նախօրոք տրված տեղամասով` առաջնորդվելով տեղանշաններով, որոնց վրա պատկերված կլինեն թվեր կամ այլ նշաններ: Ռոբոտը պետք է կարդա այդ նշանները և դրանց միջոցով կարողանա տեղորոշվել, որպեսզի գտնի հաջորդ նշանատեղը /թիրախը/: Ռոբոտը մրցույթի ընթացքում իր հետ կունենա 100-300գ բեռ: Անօդաչու թռչող սարքը պետք է հասնի նոր նշանատեղ, նետի բեռը և վերադառնա ետ` դեպի սկզբնակետ /թռիչքուղի/:
- Կառուցման ցանկացած տեսք, այդ թվում` VTOL /ուղղահայաց թռիչք և վայրէջք/, CTOL /սովորական թռիչք և վայրէջք/, STVOL /կարճ թռիչք և վայրէջք/ և այլն:
- Կապի միջոցներ`3G/GPRS, այլընտրանքային կապ, MPS A-GPS
- Նավիգացիա`GPS/Glonass/Galileo, A-GPS/MPS, INS/IMU
4. ԱրմՌոբոտիքս լաբ
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի հետ համաձայնություն է ձեռք բերել Պոլիտեխնիկ ավագ դպրոցում ստեղծել ռոբոտատեխնիկայի լաբորատորիա: Լաբորատորիայում նախատեսվում է ստեղծել ընդհանուր ռոբոտատեխնիկայի դասավանդման կենտրոն Երևանի բոլոր դպրոցների աշակերտների համար: Ռոբոտիքս լաբում դպրոցականներին կդասավանդեն վերը նշված բոլոր ծրագրերով՝ ըստ տարիքային խմբերի:
Լաբորատորիայում վարժանքներ կանցկացվեն ոչ միայն դպրոցականների համար այլ նաև ուսանողների և այլ մարդկանց համար, որոնք ցանկանում են սովորել ռոբոտատեխնիկա: Նախատեսվում են անցկացվել հետևյալ մասնագիտական վարժանքները.
- Սխեմաների նախագծում
- Ծրագրավորում / C, C++, LabView, Linux, Microsoft robotics, PLC-Ladder, FDB, STL, motor control և այլն/
- Մեխանիկա և մեխատրոնիկա
- Կոնտրոլերների ծրագրավորում
- Սենսորների հետ աշխատանք
- Պատկերների Ճանաչում
- Նախագծերի և ժամանակի կառավարում
- Ինչպես նաև այլ մասնագիտական թեմաներով վարժանքներ:
Աշխատանքները նախատեսվում է սկսել 2013թ.-ի մարտից:
5. «Ռոբոտներն առօրյայում» խորագրով մրցույթ
Ռոբոտատեխնիկայի նկատմամբ հետաքրքրության մակարդակը բարձրացնելու համար նախատեսվում է անցկացնել «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթ: Մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը ցանկացողները կարող են գրանցվել, ներկայացնել իրենց գաղափարները, վերածել ինժեներական նախագծերի և ներկայացնել մրցույթի ժյուրիին: Հետագայում ընտրվում են լավագույն 5-8 կոնցեպտներ, որոնք էլ համաֆինանսավորվում են ռոբոտներն իրական հավաքելու նպատակով: Այն նախագծերը, որոնք չեն ընդգրկվի լավագույն կոնցեպտների շարքում, հնարավորություն կունենան մասնակցել ԱրմՌոբոտիքսի լաբորատորիայում անցկացվող վարժանքներին: Այս ամենից հետո այս ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ռոբոտները, կոնցեպտները ներկայացնել ԴիջիԹեք ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին: Ցուցահանդեսի ժամանակ կանցկացվի քվեարկություն «Հանդիսատեսի համակրանք» նոմինացիայի համար, ինչպես նաև կանցկացվի այս ծրագրի վերջնական մրցանակաբաշխությունը՝ «Լավագույն ինժեներական լուծում», «Լավագույն բիզնես լուծում», «Լավագույն նախագիծ»: