Skype-ը շուտով կգործարկի «խելացի» ֆունկցիա

Ստոկհոլմում կայացած կոնֆերանսի ժամանակ Skype-ի ներկայացուցիչները հաստատել են, որ դիտարկում են այնպիսի ֆիլտրի ներդրում, որն ավտոմատ կերպով կխլացնի տեսազանգերի ընթացքում լսվող ստեղնաշարի ձայնը: Այս ֆունկցիան, նրանց կարծիքով, հնարավորություն կտա օգտագործողներին ավելի հանգիստ օգտվել ստեղնաշարից՝ առանց զրուցակցի հանդեպ անքաղաքավարի վերաբերմունք դրսևորելու:

Skype-ի ձայնի և վիդեոյի մշակման բաժնի ղեկավար Դեյվիդ Հենդսը ցույց է տվել, թե ինչպես կաշխատի այդ ֆիլտրը՝ օրինակ բերելով Microsoft-ի Lync ծրագիրը: Աղմուկի խլացումը միանում է ավտոմատ կերպով, իսկ տեսազանգի ձայնի որակը զգալիորեն լավանում է: Հենդսի խոսքով՝ ընկերությունը պատրաստվում է ներդնել նման ֆիլտր, սակայն թե երբ այն հասանելի կլինի օգտագործողներին, հայտնի չէ:

Աղբյուրը՝ thenextweb.com