Microsoft-ը մտադիր է Windows Phone և Windows RT ՕՀ-ները դարձնել անվճար

MicrosoftMicrosoft ընկերությունը ուսումնասիրում է Windows Phone և Windows RT օպերացիոն համակարգերը սմարթֆոն և պլանշետ օգտագործողների շրջանակում անվճար տարածելու հնարավոր տարբերակները: Այս մասին հաղորդում է The Verge-ը՝ հղելով իր լավատեղյակ անանուն աղբյուրներին:

Նրանց խոսքով, նման որոշում կարող է կայացնել Microsoft-ի գործադիր փոխնախագահ Տերի Մայերսոնը, ով պատասխանատու է շուկայում ընկերության ՕՀ-ի նախագծման և ռազմավարության համար:

Վերջերս լուրեր էին տարածվել այն մասին, որ Microsoft բանակցում է թայվանական HTC-ի հետ՝ Windows Phone-ը HTC Android-սմարթֆոններում որպես երկրորդ ՕՀ ներդնելու համար:

Դարձնելով իր հարթակներն անվճար՝ Microsoft-ը հույս ունի սմարթֆոնների շուկայում իր մասնաբաժինը «պոկել» Android-ից: Gartner վերլուծական ընկերության տվյալներով, 2013թ. 3-րդ եռամսյակում Android սմարթֆոնները կազմում են շուկայի 81,9%-ը, իսկ Windows ՕՀ-ով աշխատող սմարթֆոնները՝ 3,6%: Նույնն է վիճակագրությունը նաև պլանշետների շուկայում:

Պետք է նշել, որ Windows RT-ով պլանշետ թողարկելու առաջարկից հրաժարվեցին գրեթե բոլոր խոշոր արտադրողները՝ պահանջարկի բացակայության և ընդհանուր ՕՀ-ի անհասկանալի ռազմավարության պատճառաբանությամբ:

Երբ Windows Phone-ը և Windows RT-ն դառնան անվճար, Microsoft-ը հույս ունի գումար վաստակել հավելվածներից, ծառայություններից և գովազդից:

Աղբյուրը՝ theverge.com