Microsoft-ը կանվանափոխի SkyDrive ամպային ծառայությունը

Microsoft-ը պատրաստվում է մոտակա ժամանակում փոխել իր SkyDrive ամպային ծառայության անունը OneDrive-ի: Այս մասին վկայում է Onedrive.com կայքի փորձնական տարբերակը: Կայքի նկարագրության մեջ ասվում է, որ ծառայությունը նախատեսված է ամենակարևոր ֆայլերը՝ լուսանկարները,  տեսանյութերն ու փաստաթղթերը մեկ տեղում պահպանելու համար:

Microsoft-ը ստիպված է փոխել SkyDrive-ի անունը, քանի որ 2013-ի հուլիսին դատարանը որոշել է, որ ընկերությունը խախտում է British Sky Broadcasting Group-ի արտոնագրային իրավունքը՝  «Sky» բառը օգտագործելով:

«Կարծում ենք, որ OneDrive անունն ավելի համապատասխան է ծառայությանը»,- ասել են Microsoft-ի ներկայացուցիչները: SkyDrive-ի և SkyDrive Pro-ի օգտագրոծողների հաշիվները կպահպանվեն, իսկ պահպանված ֆայլերը հասանելի կլինեն OneDrive և OneDrive Pro ապրանքանիշների ներքո:

Թե երբ Microsoft-ը կգործարկի OneDrive-ի վերջնական տարբերակը, հայտնի չէ, սակայն օգտագործողները կարող են դիմում թողնել ծառայության կայքում՝ փոփոխությունների մասին առաջինը տեղեկանալու համար: