Microsoft-ի նոր ղեկավար է նշանակվել Սաթյա Նադելան

«Մայքրոսոֆթ» ընկերությունը հայտարարել է, որ իր տնօրենների խորհուրդը կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Սաթյա Նադելային, ինչպես նաև ընդգրկել նրան տնօրենների խորհրդի կազմում: Նշանակումն ուժի մեջ է մտել անմիջապես: Նադելան նախկինում զբաղեցրել է «Մայքրոսոֆթի» ամպային ծառայությունների և մեծ ձեռնարկությունների հետ աշխատանքի բաժանմունքի գործադիր նախագահի տեղակալի պաշտոնը:

Satya-Nadella

«Վերափոխման այս շրջանում «Մայքրոսոֆթը ղեկավարելու ավելի լավ թեկնածու չկա, քան Սաթյա Նադելան: Նա ապացուցել է, որ լավ ղեկավար է, ինժեներային մեծ հմտություններով, բիզնեսի տեսլականով և մարդկանց միավորելու կարողությամբ: Նրա տեսլականը, թե ինչպես տեխնոլոգիան կկիրառվի և կփորձարկվի ամբողջ աշխարհում, հենց այն է, ինչ անհրաժեշտ է «Մայքրոսոֆթին»՝ որպես ընկերության, որը մուտք է գործում ընդլայնված արտադրանքի նորարարության և աճի իր հաջորդ փուլը», – ասել է «Մայքրոսոֆթի» հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Բիլ Գեյթսը:

1992 թ. ընկերությանը միանալուց ի վեր Նադելան իրականացրել է խոշոր ռազմավարական և տեխնիկական փոփոխություններ ընկերության արտադրանքների և ծառայությունների պորտֆոլիոյում: Այս աշխատանքներում նշանակալից էր ընկերության անցումն ամպային համակարգի կիրառմանը և աշխարհում ամենամեծ ամպային ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք ապահովում են Bing, Xbox, Office և այլ ծառայություններ: Այն տարիներին, երբ նա վերահսկում էր «Մայքրոսոֆթի» սերվերներ և գործիքներ ստորաբաժանումը, այն լավագույնս հանդես եկավ շուկայում և անցավ իր մրցակիցներին:

«Մայքրոսոֆթը» հայտարարել է նաև, որ Բիլ Գեյթսը, որը նախկինում տնօրենների խորհրդի նախագահն էր, նոր դերակատարություն կստանձնի խորհրդում՝ որպես հիմնադիր և տեխնոլոգիաների գծով խորհրդատու և ավելի շատ ժամանակ կնվիրի ընկերությանը՝ աջակցելով Նադելային տեխնոլոգիաների և արտադրանքի ուղղության ձևավորման գործում: Ջոն Թոմսոնը, որը նախկինում եղել է տնօրենների խորհրդի անկախ տնօրեն, կստանձնի տնօրենների խորհրդի  նախագահի պաշտոնը և կմնա խորհրդի անկախ տնօրեն:

Նադելայից բացի, «Մայքրոսոֆթի տնօրերնների խորհրդի անդամ են Բալմերը, Դինա Դուբլոնը` JPMorgan Chase-ի ֆինանսական գծով նախկին տնօրենը, Գեյթսը,  Մարիա Մ. Կլավեն`«Հարվի Մադ» քոլեջի նախագահը, Սթիվեն Լակզոն՝ Seagate Technology PLC-ի նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը, Դեյվիդ Ֆ. Մարքարդթը՝ գլխավոր գործընկերը August Capital-ում, Նադելան, Չարլզ Նոսկին՝ «Ամերիկայի բանկ» կորպորացիայի նախկին փոխնախագահը, Հելմուտ Պանկեն՝ BMW BayerischeMotorenWerke AG-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահը և Ջոն Թոմսոնը՝ Virtual Instruments-ի գլխավոր տնօրենը: Խորհրդի տասն անդամներից յոթը անկախ են «Մայքրոսոֆթից», ինչը համապատասխանում է ընկերության կանոնակարգին, ըստ որի՝ գերակշռող մեծամասնությունը պետք է անկախ լինի:

1975 թ. հիմնված «Մայքրոսոֆթը» («Նասդաք» MSFT) աշխարհում առաջատար ընկերություն է համակարգչային ծրագրերի, ծառայությունների և լուծումների ապահովման գործում, որոնք օգնում են մարդկանց և ընկերություններին իրականացնել իրենց ներուժը: