Հայկական հավելված, որը կօգնի կողմնորոշվել երթուղայինների հարցում (հարցազրույց)

Հայկական հավելված, որը կօգնի կողմնորոշվել երթուղայինների հարցում (հարցազրույց)

Հաճախ Երևան քաղաքում Ա կետից Բ կետը հասնելու համար քաղաքի բնակիչները չեն կողմնորոշվում քաղաքային տրանսպորտի հարցում: Խնդիրն ավելի ակներև է նրանց համար, ովքեր նոր են տեղափոխվել մայրաքաղաք կամ պարզապես այցելել են զբոսաշրջության նպատակով: Այս խնդիրը լուծելու է եկել A2B հեռախոսային հավելվածը, որը կօգնի բոլորին հեշտությամբ հասնել ցանկացած վայր՝ կողմնորոշելով նրանց հասարակական տրանսպորտի երթուղու հարցում: Հավելվածում ներառված են ավտոբուսների, միկրոավտոբուսների, նույնիսկ տրոլեյբուսների համարները և նրանց երթուղիները: Պարզապես պետք է ընտրել փոխադրամիջոցը և տեսնել, թե ուր է այն Ձեզ հասցնելու:

Հավելվածի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ittrend.am-ը զրուցեց ստարտափի հեղինակ Ռոբերտ Լևոնյանի հետ:

– Ինչպե՞ս առաջացավ ստարտափի գաղափարը:

– Միտքն առաջացել է ինձ մոտ մեկ տարի առաջ, երբ նոր էի սովորում Անդրոիդ ծրագրավորում։ Մտածեցի, որ շատ հարմար բան կլինի քաղաքի հյուրերի, ուսանողների ու պարզապես երևանցիների համար, քանի որ ոչ բոլոր երևանցիներն են լավ տիրապետում տրանսպորտների երթուղիներին։ Որոշակի հետազոտություններ անցկացնելուց հետո հասկացա, որ կան նմանատիպ հավելվածներ, սակայն դրանք բավականին անհարմար էին օգտագործման համար, ու դա միայն իմ կարծիքը չէր։ Որոշված էր, որ գլխավոր շեշտերից մեկը պետք է դրվի հենց հարմարավետության վրա։

– Միայնա՞կ եք ստեղծել հավելվածը, թե՞, այնուամենայնիվ, Ձեզ օգնել են:

– Հավելվածի ինտերֆեյսը ստեղծելու գործում ինձ մեծ օգնություն է ցուցաբերել իմ լավագույն ընկերներից մեկը՝ Անին, ով հանդիսանում է նաև տրանսպորտների icon-ների հեղինակը, որոնք պատկերված են Երևանի տրանսպորտային միջոցների տեսքով և գույներով։ Մնացած հարցերում օգնություն չի եղել, թե՛ ծրագրային, թե՛ տվյալների բազայի կառուցման հարցում։

– Ի՞նչ ռեսուրսներ են ներդրվել ստարտափը կյանքի կոչելու համար, և ինչպե՞ս եք դրանք ձեռք բերել:

– Ամենահիմնական ռեսուրսը ժամանակն է, քանի որ և՛ ես, և՛ Անին աշխատում ենք, հավելվածի վրա աշխատել ենք մեր ազատ ժամանակի հաշվին։

– Տեղյա՞կ եք, որ գոյություն ունի կայք (www.marshrut.info), որը կատարում է ձեր հավելվածի նույն ֆունկցիան: Ո՞րն է Ձեր հավելվածի առավելությունը:

– www.marshrut.info կայքից տեղյակ եմ, սակայն ինչպես նշեցիք, դա կայք է, իսկ իմ ստեղծածը՝ մոբայլ հավելված, որը սմարթֆոնների վրա ավելի հարմար է օգտագործել։ Բացի այդ՝ կա ևս մեկ տարբերություն, մեր հավելվածի աշխատանքի համար անհաժեշտ չի ինտերնետային ակտիվ կապ, այն աշխատում է օֆլայն։

– Քանի՞ ներբեռնում ունեք արդեն, և ի՞նչ արձագանքի է արժանացել հավելվածն օգտատերերի կողմից:

– Քանի որ հավելվածն ունի միայն Android-տարբերակ, որը վերջերս է հայտնվել Google Play Store-ում, ներբեռնումների քանակը կազմում է մոտ 500։ Օգտատերերի կողմից այն մեծ հավանության է արժանացել ու պարզվել է, որ շատ մարդիկ վաղուց սպասում էին նման բանի ու իրոք դրա կարիքն ունեին։ Շատերն, իհարկե, հարցնում են՝ երբ են թողարկվելու iOS կամ Windows Mobile տարբերակները։ Դրանք լինելու են, սակայն քիչ ուշ:

– Նախատեսված լինելով միայն երևանաբնակների համար՝ հավելվածն ունի լսարանի որոշակի սահմանափակում: Ունե՞ք ավելի լայն լսարանի համար նախատեսված և ավելի ամբիցիոզ միջազգային ստարտափի պլաններ:

– Թվում է, թե սահմանափակումներ կան, բայց, ինչպես նշեցի, հավելվածը հարմար կլինի հատկապես մայրաքաղաքի հյուրերի, տուրիստների և ուսանողների համար, ոչ միայն երևանցիների։ Այժմ ունենք որոշակի հետաքրքիր ֆունկցիոնալ ավելացնելու ցանկություն, որի վրա էլ աշխատում ենք այս պահին։ Պլանավորում ենք ավելացնել նաև միջքաղաքային երթուղիները, ինչպես նաև այն քաղաքները, որտեղ գոյություն ունի քաղաքային տրանսպորտի ցանց։ Իսկ ավելի ուշ, կարող է նաև հարևան պետությունների քաղաքներն էլ ընդգրկենք։ Սակայն դա դեռ շատ առջևում է։

– Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում Հայաստանում ՏՏ ստարտափների ոլորտում: Ձեր կարծիքով՝ շահավե՞տ է հայկական հավելվածների թողարկումը:

– Միանշանակ Հայաստանում ՏՏ-ն մեծ հեռանկարներ ունի, ու այսօր էլ կարող եք տեսնել, թե քանի հայկական ստարտափներ են հասել համաշխարհային ճանաչման, և դրանց թիվը գնալով ավելանում է։ Կարծում եմ՝ շահավետ է օգտակար հավելվածներ թողարկելը, եթե հավելվածը օգտակար եղավ, կարևոր չի լինի՝ հայկական է, թե ամերիկյան։ Մարդիկ պարզապես կսկսեն օգտագործել։ Անհրաժեշտ է ուղղակի շուտ չհանձնվել ու հաղթահարել դժվարությունները։

Զրուցեց Նուարդ Մինասյանը