Հայկական ստարտափը ստեղծել է քվեստ-հավելված, որը թույլ կտա ստանալ իրական մրցանակներ

Այսօր գործարկվել է հայկական HurryApp բջջային հավելվածը, որն արդեն հասանելի է Apple Store-ում և Google Play -ում։ Այն թույլ կտա զվարճանալ և դրա դիմաց արժեքավոր նվերներ ստանալ։ HurryApp բջջային հավելվածը քաղաքային քվեստի՝ արշավի հարթակ է, որի միջոցով մասնակիցները կկարողանան․

  • Տեղեկանալ սպասվող քվեստերի մասին, ընտրել առաջարկվող քվեստերից մեկը,
  • Անցնել չեքփոյնթներով (check-point) և պատասխանել հարցերին,
  • Լինել առաջիններից մեկը և վերջնակետում ստանալ վազքի գործընկերոջ կողմից տրամադրվող մրցանակները։

Բջջային հավելվածի վրա աշխատել է 2 թիմ՝ ծրագրավորողներ, մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի թիմը, հավելվածի կայացման համար ներդրում են կատարել 2 ընկերություն։

«Մենք հասկացանք, որ առողջ ապրելակերպին չեն օգնում health հավելվածները։ Մեզ հավելյալ մոտիվացիա է անհրաժեշտ։ Իսկ ի՞նչն ավելի կքաջալերի մարդկանց վազել, եթե ոչ լավ նվերները»,- պատմեց հավելվածի մարքեթինգի մասով զբաղվող թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը։

«Ծրագրային առումով մեր առաջ բավական լուրջ խնդիր էր դրված, քանի որ որևէ նմանատիպ հավելված ամբողջ աշխարհում չկա: Միակ տարբերակը ոչ ստարդարտ լուծումներն էին»,- պատմեց հավելվածի ծրագրավորողների թիմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը։ «Հաջորդ տարբերակներում հավելվածն ավելի բարդ առաջադրանքներ կառաջարկի մասնակիցներին, ինչը խաղն ավելի հետաքրքիր կդարձնի»,- հավելել է Գագիկ Մարտիրոսյանը։

«HurryApp-ը հավակնում է լինել միջազգային նախագիծ, որը բացի սպառողների համար նախատեսված լինելը, մարքեթինգի մասնագետներին առաջարկում է ոչ սատնդարտ լուծում՝ հաճախորդներ ներգրավելու համար։ Համոզված ենք, որ հայկական այս ստարտափը ամբողջ աշխարհում մարքեթինգային նոր մեխանիզմ դառնալու շանսեր ունի»,- ասել է Հրաչուհի Բարսեղյանը։

Ի դեպ, հունիսի 25-ին տեղի է ունենալու HurryApp բջջային հավելվածի առաջին վազքը։