Որպես կանոն՝ սմարթֆոնները «չեն գիտակցում», թե ինչ է կատարվում իրենց շուրջ: Սակայն Google ընկերությունը Tango նախագծի շրջանակում պատրաստվում է մշակել սարք, որը կկազմի շրջապատող տարածքի եռաչափ պատկերը:
Google-ի ներկայացուցիչ Ջոննի Լիի խոսքով՝ Tango նախագիծը կհեշտացնի օգտագործողի և սմարթֆոնի շփումը, ավելին՝ սմարթֆոնը կընկալի տարածությունն ու մարդկանց, ինչպես սենսորներով համալրված մարդը: Այն կծառայի նաև որպես 3D-սկաներ, նավիգատոր, ինչպես նաև թույլ կտա ստեղծել ավելի հետաքրքիր խաղեր:
Այս նախագծի իրականացման գործում Google-ին օգնում է Movidius ընկերությունը, որն արդեն մշակել է տեսողական սենսորի միկրոսխեման: Այդպիսի սարքով հնարավոր կլինի, օրինակ, սենյակում գտնել կորած իրը: Սարքի առաջին նախատիպն արդեն պատրաստ է. այն Android ՕՀ-ով աշխատող 5 դյույմանոց սմարթֆոն է, որը ստեղծվել է տեխնոլոգիայի զարգացման և հետազոտություններ անելու նպատակով:
Աղբյուրը՝ google.com/atap/projecttango