Այս պահին Կուպերտինոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա) տեղի է ունենում Apple ընկերության միջոցառումը, և րոպեներ առաջ ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի iPhone-ի երկու տարբերակները՝ մեծ և փոքր էկրաններով: Առաջինն ունի 4.7 դյույմ, իսկ երկրորդը՝ 5.5 դյույմ անկյունագիծ:
Սմարթֆոնները ստացել են iPhone 6 և iPhone 6 Plus (մեծ տարբերակը): Երկու մոդելն էլ աշխատում են A8 պրոցեսորով, որն, ըստ Apple-ի 50%-ով ավելի արդյունավետ է աշխատում, քան A7 պրոցեսորը:
Սմարթֆոնները կունենան 8 ՄՊ տեսախցիկներ, իսկ iPhone 6 Plus-ի տեսախցիկը կունենա նաև պատկերի օպտիկական հստակեցում, այսինքն՝ լուսանկար անելիս չեն ստացվի շաղված նկարներ, նույնիսկ եթե օգտագործողը շարժի ձեռքը:
iPhone 6-ը երկու տարվա պայմանագրով կարժենա $199 (16 ԳԲ), $299 (64 ԳԲ), և $399՝ 128 ԳԲ տարբերակի համար: Ավելի մեծ iPhone 6 Plus-ը ավելի թանկ կլինի՝ $299 (16 ԳԲ), $399 (64 ԳԲ), և $499 (128 ԳԲ): Երկու մոդելներն էլ առաջարկվում են արծաթագույն, ոսկեգույն և մուգ մոխրագույն տարբերակներով:
Սմարթֆոնների նախապատվերները մեկնարկելու են այս ուրբաթ օրը, իսկ վաճառքը կսկսվի սեպտեմբերի 19-ին:
iPhone 6-ն ունի 1334×750 թույլատրությամբ էկրան, իսկ 6 Plus-ը՝ 1920×1080:
Աղբյուրը՝ techcrunch.com