Microsoft-ը պաշտոնապես ներկայացրել է Microsoft Band ֆիտնես-թրեքերն ու Microsoft Health հավելվածը, որը մշակում է օգտագործողի առողջական տվյալները։ Ընկերությունը մանրամասն պատմել է կրելի սարքի մասին իր պաշտոնական բլոգում։
Band-ն ունի տասը սենսորներ, որոնք հետևում են օգտագործողի սրտի աշխատանքին, քնի փուլերին։ Սենսորներից մեկը նույնիսկ կարողանում է որոշել քրտինքի քանակը։ Թևնոցն ունի Cortana ձայնային օգնական և սինքրոնացվում է սմարթֆոնի հետ։ Թևնոցի էկրանից կարելի է դիտել սմարթֆոնի հաղորդագրություններն ու ծանուցումները, սակայն հնարավորություն չկա անմիջապես թևնոցից պատասխանել դրանց։
Microsoft Health-ը ամպային ծառայություն է, որը հավաքում է թրեքերի տվյալները և կատարում տարբեր վերլուծություններ։ Օրինակ՝ կարելի է իմանալ, թե որ վարժությունների ընթացքում է օգտագործողն ամենաշատ կալորիաներ կորցրել։ Իսկ քնի վերլուծությունը թույլ կտա պարզել, թե որքան ժամանակ է պետք լիարժեք հանգստանալու համար։
Microsoft Band-ն առայժմ կվաճառվի միայն Microsoft-ի ամերիկյան խանութներում՝ 199 դոլարով։ Իսկ Microsoft Health հավելվածն արդեն հասանելի է App Store-ում ու Google Play-ում։