Apple Watch խելացի ժամացույցը վաճառքի դուրս կգա գարնանը

Apple Watch խելացի ժամացույցի շնորհանդեսին Apple ընկերությունը չհայտնեց նորույթի վաճառքի դուրս գալու ժամկետների մասին: Ժամացույցների տեխնիկական պարամետրերը ևս մնացին «մշուշում»:

Apple-ի վաճառքի գծով տնօրեն Անջելա Էհրենդսը (Angela Ahrendts) հաղորդագրությամբ դիմել է ընկերության աշխատակիցներին և նշել Apple Watch-ի թողարկման մասին:

407103

Կոնկրետ օր նա չի նշել, սակայն հայտնել է, որ դա տեղի կունենա գարնանը: Նշենք, որ մինչ այժմ ամերիկյան լրատվամիջոցները գրում էին, որ Apple-ի խելացի ժամացույցները վաճառքի են դուրս գալու 2015-ի սկզբին, որը, ինչպես երևում է, չի ենթադրում հունվար-փետրվար ամիսները:

Հիշեցնենք, որ ժամացույցը ունենալու է 3 տարբերակ՝ Apple Watch (պողպատե կաղապարով և շափյուղե ապակով), Apple Watch Sport (անոդացված ալյումինից և ամուր ապակուց), Apple Watch Edition (18 կարատանի վարդագույն և դեղին ոսկուց և շափյուղե ապակուց): Ժամացույցները կունենան 2 չափս՝ 38 և 42մմ անկյունագծով էկրաններով:

Աղբյուրը` 9to5mac.com