Պլաստիկե iPhone 5C-ն կհանվի արտադրությունից

Apple-ը հաջորդ տարվանից կդադարի արտադրել բյուջետային iPhone 5C մոդելը: Այս մասին հաղորդում է MacRumors-ը` հղում անելով KGI Seucrities-ի մասնագետ Մին Չի Կոյին: Ըստ աղբյուրի` Foxconn և Wistron ընկերությունները կդադարեն հավաքել պլաստիկե մոդելը 2015-ի կեսին:

iPhone 5C-ն ներկայացվել է 2013-ին` որպես 5S դրոշակակիր մոդելի այլընտրանքային բյուջետային տարբերակ` մի քանի գույներով: Նշենք, որ այն չունի Touch ID մատնահետքի սկաներ: ԱՄՆ-ում 5C-ն սկսել է վաճառվել 99 դոլարով (պայմանագիր կապելու դեպքում), իսկ այժմ 8 ԳԲ մոդելը կարելի է նույնիսկ ձեռք բերել անվճար, կրկին պայմանագրի առկայության դեպքում:

Վաճառքները ցույց տվեցին, որ 5C-ն այնքան էլ մեծ պահանջարկ չունի: CIRP-ի հետազոտությունը ցույց է տվել, որ 2013-ի վերջին եռամսյակում iPhone-ների ընդհանուր վաճառքում 5C մոդելն ունեցել է ընդամենը 27% մասնաբաժին:

Աղբյուրը` MacRumors.com