ArmNet 2015-ի ժյուրիի անդամները մրցույթի ակնկալիքների և ՏՏ ոլորտի զարգացումների մասին (հարցազրույց)

Այսօր՝ մարտի 26-ին կավարտվի «ArmNet Awards 2015» մրցույթի գրանցումը։ Հիշեցնենք, որ մրցույթի մասնակիցները կմրցեն «Նորարարություն», «Լավագույն բովանդակություն», «Դիզայն և հարմարավետություն» և «Հասարակական ազդեցություն» անվանակարգերում, կտրամադրվեն գլխավոր մրցանակներ Լավագույն բջջային հավելվածի և Լավագույն վեբկայքի համար:

Մրցանակաբաշխությունից բացի կանցկացվի նաև համաժողով, որը կկրի «2015 ինտերնետի և բջջային հավելվածների միտումները» խորագիրը: Համաժողովին ներկա կլինեն MediaRu ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Նոսովը, Pediatr 24/7 բջջային հավելվածի ղեկավար Դենիս Յուդչցը, ինչպես նաև FrooZoo և Getmyway նախագծերի ներկայացուցիչներ:

Միջոցառմանն ընդառաջ զրուցեցինք ժյուրիի նախագահ, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանի և դիզայներ Արա Ասլանյանի հետ։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք ArmNet 2015-ից։

Գրիգորի Սաղյան։ Ակնկալում ենք նորարություն, մոբայլ-լուծումներ, e-commerce, հայերենի կիրառություն:

Սամվել Մարտիրոսյան։ Ինձ համար սա միշտ հնարավորություն է նոր ծրագրերի ծանոթանալ, քանի որ հաճախ ամենահետաքրքիր ցանցային ծրագրերը անհայտ են լինում։ Ու երբեմն էլ ստացվում է այնպես, որ ArmNet-ի շնորհիվ դառնում են հայտնի, ինչը ամենալավ բանն է։

Արա Ասլանյան։ Նոր նախագծերի հետ ծանոթանալու ակնկալիք ունեմ։

 

-Զարգացման ի՞նչ հիմնական միտումներ եք նկատել այս տարի։

Գրիգորի Սաղյան։ Զարգացման միտումները հստակ կբացահայտվեն վաղը, երբ իրենց հայտերը կներկայացնեն բոլոր մասնակիցները: Մեր փորձը ցույց է տալիս, որ վերջին օրը գրանցումների շատ մեծ ալիք է բարձրանում։

Սամվել Մարտիրոսյան։ Ամենակարևորն այս տարվա համար բջջային հավելվածներն են։ Այս մեկ տարվա մեջ մենք մտել ենք հենց շարժականի դարաշրջան։

Արա Ասլանյան։ Մարդիկ սկսել են մի քանի քայլ մոտ լինել մոբայլ աշխարհին։

 

-Ո՞րն է անաչառ ընտրության հիմնական գրավականը։

Գրիգորի Սաղյան։ Անաչառ ընտրությունը պայմանավորված է ժյուրիի անդամներով: Այլ կերպ ասած՝ ես համոզված եմ, որ ժյուրիում հավաքվել են  հանրության կողմից վստահություն վայելող մարդիկ:

Սամվել Մարտիրոսյան։ Քանի որ բացարձակ օբյեկտիվ լինել շատ հարցերում պարզապես հնարավոր չէ, ապա լավագույն լուծումը՝ հավաքել ժյուրիում տարբեր ճաշակների և մոտեցումների մարդկանց, որպեսզի վեճի ընթացքում ձևավորվի հնարավորինս օբյեկտիվ լուծումը։

Արա Ասլանյան։ Օբյեկտիվությունը։

 

-Ինչի՞ վրա եք առաջինն ուշադրություն դարձնում կայք/հավելված գնահատելիս։

Գրիգորի Սաղյան։ Կայքը դիտելիս կարծիքը ձևավորվում է մոտ 1-5 վայրկյանի ընթացքում: Սակայն դա միայն առաջին հայացքն է: Մանրամասն ուսումնասիրելով կայքը՝ հնարավոր է հասնել այնպիսի մարգարիտների, որոնք բացառապես կփոխեն առաջին հայացքի հետևանքով առաջացած տպավորությունը:

Սամվել Մարտիրոսյան։ Ինչ մեղքս թաքցնեմ՝ որ ինձ դուր գա և օգնի ինչ-որ մի բանում։

Արա Ասլանյան։ UX դիզայնին։


-Կարևո՞ր է Ձեզ համար, թե ով է հեղինակը, ազդո՞ւմ է անվանի հեղինակի գործոնը կայքի/հավելվածի ընտրության հարցում։

Գրիգորի Սաղյան։ Հայտնի հեղինակները, կարծես, ամեն ինչ արդեն ցուցադրել են նախորդ մրցույթների ընթացքում, կարծում եմ՝ այս մրցույցթում արդեն շատ քիչ աշխատանքներ կներկայացվեն հայտնի հեղինակների կողմից: Հեղինակի անձն այս մրցույթում կարևոր չէ,  կարևորը թարմ մոտեցումներն են:

Սամվել Մարտիրոսյան։ Փորձում եմ այնպես անել, որ չազդի։ Ինչի համար նայում եմ սկզբից ծրագիրը, հետո նոր նայում հեղինակներին։

Արա Ասլանյան։  Այո, ազդում է, քանի որ եթե ես ծանոթ եմ հեղինակի աշխատելաոճին, ապա ի վիճակի չեմ լինի գնահատել՝ հաշվի չառնելով այն։


-Ձեր գնահատմամբ Հայաստանը հավակնություն ունի՞ դառնալու ՏՏ գերտերություն։

Գրիգորի Սաղյան։ Գերտերություն հազիվ թե, շատ ժամանակ ենք կորցրել: Բայց բնակչության մտավոր ունակությունները, ակտիվությունը, կապերն անպայնորեն կբերեն նրան, որ երկրում ծրագրավորման ոլորտը շատ կզարգանա:

Սամվել Մարտիրոսյան։  ՏՏ գերտերություն լինելու համար պետք է մյուս ոլորտներում նույնպես հետ չմնալ։ Իսկ ՏՏ-ում լուրջ դիրքեր ունեցող երկիր լինել կարող ենք։

Արա Ասլանյան։ Միայն այն դեպքում, երբ ՀՀ նախագահ ընտրենք օրինակ Մարկ Ցուկերբերգին։

 

-Տեղյա՞կ եք արդոք կառավարության այն որոշումից, որն ուժի մեջ է մտել 09.01.2015 թ. և նախատեսում է մինչև 2020թ․ հիմնված ՏՏ սթարթափներին պետական աջակցություն տրամադրել, և եթե այո, զարգացման ի՞նչ նոր հեռանկարներ կբացի այս օրենքը հայկական ՏՏ ոլորտում։

Գրիգորի Սաղյան։ Տեղյակ եմ, սակայն օրենքն ընդունելուց հետո միայն տեղեկացա: Իհարկե, լավ պայմաններ ստեղծելը ՏՏ ոլորտի համար ողջունելի է: Սակայն, թե ինչպես դա անել, որ ընկերություններն են մտնում այդ ոլորտի մեջ, ինչ չափանիշներից ելնելով է տրամադրվելու աջակցությունը, ինչ պայմաններով… Այս հարցերին, հուսանք, կստանանք պատասխաններ ենթաօրենսդրական ակտերի միջոցով: Սա, իհարկե, ողջունելի չէ: Օրենքը քննարկվում է ԱԺ-ում, հնչում են ընդդիմադիր կողմերի կարծիքները, առանձին դեպքերում կազմակերպվում են լսումներ, և հանրությունը տեղեկանում է հարցի էության մասին: Իսկ ենթաօրենսդրական ակտերը կազմում են պետական ծառայողները, որոնք հաշվետու են միայն իրենց անմիջական ղեկավարի առաջ: Այստեղ ցանկալի են ավելի բաց քննարկումներ, հանրության ավելի լայն ներգրավվածություն:

Սամվել Մարտիրոսյան։ Տեղյակ եմ։ Որոշումը կարևոր է, բայց սա պետք է դիտել այլ հանգամանքների հետ միասին։ Մենք ընդհանրապես սիրում ենք ինչ-որ լավ որոշումների մասին խոսել։ Իսկ պետք է համակարգային դրական փոփոխությունների ձգտել։ Հարկային արտոնություններ տալու հետ միասին պետք է նաև այնպես անել, որ բուհերը հասցնեն համապատասխան քանակի մասնագետներ պատրաստել, իսկ եղած մասնագետներն էլ չգնան ուրիշ երկրներ։

Արա Ասլանյան։ Ոչ, տեղյակ չէի, բայց մի տեսակ ցինիկ ու ինքնանպատակ որոշման տպավորություն է ստեղծում։ Եթե իսկապես աջակցել են ուզում, ապա կարող են սկսել .am դոմենային անունները ՀՀ քաղաքացիներին տրամադրել օրինակ 1500 դրամով կամ Էրեբունի-Երևան տոնակատարության բյուջեն ուղղեն Հայաստանում սերվերներ տեղադրելու վրա։ Իմ կարծիքով՝ ուղղակի ձևեր են թափում։

Էլ չխոսեմ այն մասին, որ կարող են հանել ինտերնետի, սմարթֆոնների ու Apple-ի բոլոր արտադրանքների վրայի տուրքերը։ Պետք է այդպիսի բաներ անել, որպեսզի ոլորտը զարգանա։ Կարելի է, օրինակ, այնպես անել, որ Մալիշկա գյուղի բնակիչները բոլորն ունենան սմարթֆոններ ու կարդան իրենց գյուղի նորությունները համապատասխան հավելվածով։

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել այսօր՝ մինչև ժամը 18:00-ն: