Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Beeline-ը նախաձեռնել են Դիջիքեմփ ամենամյա 3-րդ ինովացիոն ճամբարը: Այս տարի ճամբարը կանցկացվի հուլիսի 6-16-ը՝ Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում:
Դիջիքեմփ ամառային ճամբարի նպատակն է աջակցել և ուղորդել ինովացիոն գաղափարներ ունեցող 14-22 տարեկան պատանիներին և աղջիկներին, որպեսզի զարգացնեն իրենց տեխնոլոգիական գաղափարները և դրանք դարձնեն բիզնես ծրագրեր: Տասնօրյա ճամբարի ընթացքում մասնակիցները ստանում են համապատասխան գիտելիքներ և պրակտիկ առաջադրանքներ՝ սեփական բիզնես գաղափարի զարգացման համար, ծանոթանում ՏՏ առաջնորդների հետ, լսում նրանց հաջողության պատմություններն ու բացահայտում առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները:
Նորարարական ճամբարի օրակարգը հագեցած է հետևյալ բաժիններով՝
— Ուսուցողական գործարար ներկայացումներ
— Հաջողության պատմություններ
— Գաղափարների գնահատում փորձագետների կողմից
— Ուսուցողական ֆիլմեր
— Ժամանցային միջոցառումներ
Նշենք, որ լավագույն գաղափարները ԻՏՁՄ-ի և Beeline-ի կողմից կարժանանան տարբեր պարգևների: Ի դեպ, 2014 թ. լավագույնների եռյակը գխավորում էր Սերմնացան ռոբոտի գաղափարը: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Թոփ տարիֆ գաղափարը, որը վերլուծում է բաժանորդի շարժական կապի ծառայությունների օգտագործումն ու ստացած արդյունքների հիման վրա առաջարկում է շահավետ սակագին և Պաղպաղակի արտադրության ավտոմատացված սարքի գաղափարը: