Samsung ընկերությունը ձևավորում է նոր ստորաբաժանում, որը կզբաղվի խելացի ավտոմեքենաների կոմպոնենտների մշակմամբ: Կորեական ընկերությունը մասնավորապես հետաքրքրված է տեղեկատվական-ժամանցային համակարգերի, արբանյակային նավիգացիայի ու այնպիսի տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք թույլ կտան մեքենան վարել ավտոնոմ` առանց վարորդի միջամտության:
Ըստ վերլուծաբանների` Samsung Electronics-ին այս գործում կօգնի Samsung Electro-Mechanics դուստր ընկերությունը, որը թողարկում է էլեկտրոնային սարքեր, ինչպես նաև Samsung SDI-ը, որը զբաղվում է մարտկոցների արտադրությամբ:
Reuters-ը գրում է, որ 2010-2013թթ. Samsung-ի կողմից ԱՄՆ արտոնագրային հանձնաժողով ներկայացրած 1800 դիմումների երկու երրորդը վերաբերել են էլեկտրամեքենաներին: Արտոնագրերից մեկը ինովացիոն համակարգի վերաբերյալ է, որը թույլ կտա հայտնաբերել ղեկին քնած վարորդին:
Խելացի ավտոմեքենաներով է հետաքրքրված նաև չինական Baidu ընկերությունը` Չինաստանի խոշորագույն որոնողական համակարգը: Վերջերս ընկերությունը ցուցադրեց մոդիֆիկացված 3-րդ սերիայի BMW, որն առանց վարորդի 30 կմ երթևեկեց Պեկինի փողոցներով:
Աղբյուրը` Reuters, Wired