Sony Glass Sound Speaker սարքը կգեղեցկացնի Ձեր տունն ու կուրախացնի հիասքանչ հնչեղությամբ (տեսանյութ)

Sony ընկերությունը հայտարարել է Life Space UX տնային գաջեթների շարքին պատկանող ևս մեկ սարքի թողարկման ամսաթիվն ու գինը: Նորույթը կոչվում է Sony Glass Sound Speaker. այն անլար ապակյա ակուստիկ համակարգ է, որն առանձնանում է նախևառաջ իր էքստրավագանտ դիզայնով:

Sony Glass Sound Speaker-ն ստեղծված է տակդիրով ապակյա գլանի ձևով, որը նպատակ ունի ոչ միայն զարմացնել հնչեղության որակով, ինչը ստացվում է ձայնային ալիքի` ապակյա գլանի ամբողջ երկայնքով շարժվելու շնորհիվ, այլ նաև գեղեցկացնել տան ինտերիերը:

Սարքի կենտրոնում կա նաև լուսային դիոդ, որն, ըստ ստեղծողների մտադրության, պետք է լուսավորի սենյակն և ունենա էսթետիկ բաղադրիչ` նմանակի այրվող մոմի լույսը: Հատուկ ստեղծված հավելվածի շնորհիվ հնարավոր է կարգավորել LED լույսի հզորությունը:

Bluetooth-ի շնորհիվ իրականացվում է աուդիոյի անլար կառավարում` ձայնի կարգավորում, երգերի փոփոխում և այլն: Այս գեղեցիկ նորության գինը կկազմի 634 ԱՄՆ դոլար, այն վաճառքի կհանվի այս տարվա փետրվարի 13-ին:

Աղբյուրը` The Verge