Հորիզոն 2020. նոր հնարավորություն՝ նորաստեղծ ՓՄՁ-ների համար

Օրերս կայացած SEW-ի ժամանակ ներկայացվեց ԵՄ-ի կողմից հիմնված մի մեծ նախաձեռնություն, որը կոչվում է Հորիզոն 2020 (Horizon2020): Ծրագիրը միտված է գիտահետազոտական հիմքի վրա ինովացիոն հետազոտություններ անցկացնելուն: Շուտով այդ նախաձեռնության համար հատկացված ֆինանսական ռեսուրսները հասանելի կլինեն նաև հայկական կազմակերպությունների և հետազոտական կենտրոնների համար: «Սա ԵՄ-ի կողմից երբևէ իրականացված ամենամեծ ֆինանսավորում ունեցող ծրագիրն է: Ապրիլին կառավարությունը կստորագրի այն համաձայնագիրը, որի արդյունքում Հայաստանը հնարավորություն կունենա օգտվելու այդ ծրագրի հնարավորություններից և մասնակցելու դրան»,- ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարիամ Դավթյանը:

Այս նախաձեռնությամբ ԵՄ-ը փորձում է լրացնել համալսարանների կողմից իրականացվող հետազոտությունների և բիզնես դաշտի միջև առկա բացը: Եթե կա որևէ հետազոտություն, որը դեռևս հետաքրքրություն չի ներկայացնում բիզնես ոլորտի համար, ապա այս ծրագրի նպատակն է օգնել այդ գաղափարը զարգացնել և շուկա ներմուծել:

«Ձեռներեցությունը պետք է սերտորեն համագործակցի գիտահետազոտկան ոլորտի հետ և հիմնված լինի այդ աշխատանքների վրա»,- նշեց բանախոսը:

Մ. Դավթյանը խոսեց նաև այն մասին, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել այս ծրագրին դիմելու ժամանակ: Նա նախևառաջ պարզաբանեց, որ ծրագրին կարող են դիմել փոքր և միջին ձեռնարկությունները, սակայն ՓՄՁ-ների եվրոպական չափորոշիչները փոքր-ինչ այլ են այս ծրագրի համար: Ֆինանսավորման համար հնարավոր է դիմել, եթե կա գաղափար և անհրաժեշտ է հասկանալ վերջինիս կենսունակություն: Ծրագիրը բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլից հետո, եթե արդեն մշակվել է որևէ նախատիպ և վերջինս արդեն փորձարկվել է շուկայում, ապա կարելի է անցնել երկրորդ փուլին, որի ընթացքում նախատեսվում են պրոդուկտի` արդեն ավելի լայնամասշտաբ փորձարկումներ, շուկայում դրա հաջողության հնարավորությունների գնահատում և այլն: Երրորդ փուլում, արդեն որպես բիզնեսի, կարող է տրամադրվել մեծ ֆինանսավորում, այն դեպքում, երբ այդ նախաձեռնությունն արդեն կայացած կազմակերպություն է:

Առաջին փուլն անցած կազմակերպություններին տրամադրվում է մինչև 50000 եվրո ֆինանսավորում, երկրորդին` 500000-2500000 եվրո, իսկ երրորդ փուլն անցածների համար գումարային սահմանափակում գոյություն չունի:

Բանախոսը խոսեց նաև ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու մասին, այսպիսով, առաջին փուլի համար անհրաժեշտ է մոտ 10 էջանոց հայտադիմում և կարևոր է ծրագրին հայտ ներկայացնել ոչ թե գրանտային դիմումի ձևով, այլ ցուցաբերել բիզնես մոտեցում: Երկրորդ փուլի համար անհրաժեշտ է մոտ 30 էջանոց հայտադիմում, որում պետք է պատմել պրոդուկտի կոնկրետ կիրառելիության, շուկայում դրա ազդեցության և հնարավորությունների մասին: Երրորդ փուլին դիմելու չափորոշիչներն նույնն են, ինչ վենչուրային հիմնադրամին դիմելու կարգը:

Ծրագիրը նախապատավությունը տալիս է կտրուկ, բեկումնային փոփոխություններ բերող նորարարություններին:

Մարիամ Դավթյանը ներկայացրեց մի քանի ծրագրեր, որոնք այժմ բաց են և ընդունում են դիմումներ, ինչպես նաև ծանոթացրեց կայքում որոնում կատարելու մի քանի սկզբունքների հետ և  ասաց, թե ինչ է պետք հայտը ներկայացնելու համար, ինչպես գրանցվել կայքում և այլն:

«ԵՄ-ն GIZ-ի հետ համատեղ անցկացնելու են աջակցության մեծ ծրագիր, որի շրջանակներում նախատեսված են տարբեր ինֆորմացիոն-տեղեկատվական հանդիպումներ: «Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման կենտրոնը» և ԳԱԱ-ն հանդիսանում են տեղեկատվական օղակներ, որոնք կարող են օգնություն ցուցաբերել հայտատուներին»,-մանրամասնեց Դավթյանը: