Բարքեմփի ամենամեծ սկանդալը. ինչի՞ց սկսեց ամեն ինչ, և ի՞նչ է լինելու

Բարքեմփի պատմության ամենամեծ սկանդալն ու ամենաքննարկվող թեման՝ ggTaxi ծառայության և Yandex Taxi-ի ոչ ուղղակի բախումն էր: Չնայած նրան, որ Yandex Taxi-ի  ներկայացուցիչն ուղղակիորեն չքննադատեց, իսկ ggTaxi-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանն ուղղակի անուններ չնշեց, բայց Բարքեմփի մեծ դահլիճում դիմակայության մթնոլորտ էր: Լարումը հասավ իր գագաթնակետին gg-ի համահիմնադրի, մասնակիցների խոսքով, էմոցիոնալ ելույթի ընթացքում:

Ինչպես տեղեկացրել էինք, Yandex Taxi-ն ծրագրել է այս տարվա հուլիսի 1-ին մուտք գործել հայկական շուկա` սահմանելով 100 դրամ առաջին երկու կիլոմետրի համար, ինչպես նաև պատրաստվում է չգանձել վարորդներից միջնորդավճար առաջին տարվա ընթացքում:

gg-ն այժմ հայաստանյան շուկայի առաջատարն է և փորձում է ընդլայնել իր ծառայության աշխարհագրությունը (արդեն գործում է Վրաստանում և նախատեսում մուտք գործել իրանական և ռուսական շուկա):

Yandex Taxi-ի մարքեթինքի գծով տնօրեն Դանիլ Շուլեյկոն, ով ներկայացրեց ընկերության առաջիկա ծրագրերը, պատմեց ընկերության աշխատանքային ոճի մասին և հայտարարեց հայկական շուկա մուտք գործելու մանրամասները: Իր ելույթում նա շատ քիչ անդրադարձավ ggTaxi-ին, սակայն դրան հետևող հարցերից չկարողացավ խուսափել: Հարցերից մեկին պատասխանելով` նա ընդունեց, որ gg-ն Yandex-ի համար մրցակից է, որը բավականին մեծ հաջողությունների է հասել տեղական շուկայում: Ի տարբերություն ggTaxi ծառայության համահիմնադրի, ով նշեց, որ իրենք Yandex Taxi ծառայությունը չեն համարում իրենց մրցակից: Բացի այդ` հարց ու պատասխանի ընթացքում ներկաները դժգոհեցին gg-ի համահիմնադրի խոսելու տոնայնությունից:

Ի՞նչ է տեղի ունեցել gg-ի և Yandex-ի միջև

Մոտ  երկու ամիս առաջ Yandex Taxi-ն գնելու առաջարկ էր արել հայկական շուկայում գործող ggTaxi, MobiTaxi և TaxoLine ընկերություններին, սակայն, ըստ մեր տեղեկությունների, 3-ն էլ մերժել էին Yandex-ի առաջարկը: Իր ելույթում Խաչատուր Գրիգորյանը նշեց, որ Yandex-ն առաջարկել էր գնել gg-ն 4.000.000 դոլարով: Առաջարկը մերժվել է` «ազգային արժեքները չեն վաճառվում» պատճառաբանությամբ:

gg-ի համահիմնադիրը նշեց, որ այդ հանդիպումը շատ վիրավորական է եղել իր համար, քանի որ Շուլեյկոյի հետ իրենց գրասենյակ են եկել նաև հայազգի ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին Yandex-ը: Պատասխանելով հարցերից մեկին` նա ԲարՔեմփում Yandex Taxi-ի ելույթը որակեց որպես «դավաճանություն», քանի որ, ըստ նրա` ճիշտ չէ օտարին բերել և Երևանում գովազդել:

Անդրադառնալով «ազգային արժեքներին»

ggTaxi-ի ներկայացումը Բարքեմփում ակտիվ ֆեյսբուքահայությանը կիսեց 2 մասի. ոմանք պնդում են, որ այսուհետ ավելի շատ են սկսելու օգտվել gg-ի ծառայություններից, իսկ մյուսներն էլ չեն ընդունում gg-ի մարտավարությունը`համարելով այն «աբսուրդ»:

Իսկ ի՞նչ են կարծում Yandex Taxi-ի շուկա մուտք գործելու մասին նմանատիպ մոտեցմամբ ծառայություն մատուցող մյուս ընկերությունները:

TaxoLine-ի տնօրեն 

TaxoLine-ի տնօրեն Գոհար Համբարձումյանի խոսքով` իրենց մրցակցությունը չի վախեցնում: «Մենք նորմալ ենք վերաբերվում մրցակիցներին, և դա ազդում է շուկայի ընդհանուր զարգացման վրա: Անկեղծ ասած` մենք միայն հավելվածի միջոցով չենք առաջարկում տաքսի պատվիրել, այլ նաև վեբ-տարբերակով և զանգով, այնպես որ Yandex Taxi-ի մուտքը կազդի հիմնականում մեր մեկ ծառայության վրա միայն: Նրանց մուտքը շուկայի վրա ազդեցություն կթողնի և, իհարկե, որոշ չափով կազդի նաև մեզ վրա, բայց մինչև վերջնականորեն չմտնեն շուկա, շատ բան չեմ կարող ասել»,-ասաց նա:

Mobi Taxi-ի տնօրեն

Mobi Taxi-ի տնօրեն Վարդ Թորոսյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցակցությունը մոտիվացնում է և օգնում ավելի արագ զարգանալ: Անկախ հայտնվող մրցակիցներից` Mobi Taxi-ն ունի իր հստակ ռազմավարությունը, որով առաջնորդվում է՝ առաջարկելով որակյալ ծառայություն իր հաճախորդներին:   

«Այսօր մենք ունենք ամսական միջինում 21.000 պատվիրատու: Mobi-ի արժեքը գնահատում են պատվիրատուները, այլ ոչ ինքը Mobi-ն: Մենք ֆունկցիոնալով տարբերվում ենք մյուսներից: Ունենք կորպորատիվ համագործակցության առաջարկ 22 խոշոր ընկերությունների հետ, համագործակցության պայմանագիր 120 կազմակերպությունների հետ: Նոր խաղացողը կավելացնի օնլայն պատվերների ընդհանուր բաժինը շուկայում՝ օֆլայն պատվերների հաշվին: Հավելվածով տաքսի պատվիրելու մշակույթի տեմպերն էլ փոքր-ինչ կարագանան, ինչն ընդունելի է նոր խոշոր խաղացողի շուկա մուտք գործելու պարագայում»,-ասաց տնօրենը:

Այպիսով Բարքեմփը նշանավորվեց մեծ սկանդալով, որի շուրջ կրքերը մինչև հիմա չեն մարում՝ մանավանդ սոցիալական ցանցերում: Ինչպես կազդի դա տաքսի ծառայություն մատուցող ընկերության համբավի ու բիզնեսի վրա, դժվար է ասել: Սակայն մեկ այլ բան ակնհայտ է, ինչը պնդում են նաև նմանատիպ ծառայություններ մատուցող այլ ընկերություններ: Yandex Taxi-ի մուտքը Հայաստանը կբարձրացնի մրցակցության չափանիշները, կազդի շուկայի վրա ու  դասական տնտեսական տրամաբանությամբ կբարելավի մատուցվող ծառայության որակը: